Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է դադարեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառումն իր զորքերի նկատմամբ ռազմական հակամարտությունների և հատուկ գործողությունների ժամանակ, հաղորդում է The Guardian օրաթերթի կայքը՝ նշելով, որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել երկրի վարչապետ Թերեզա Մեյն ու պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։
Կայքի համաձայն, պաշտոնյաների մտադրության մասին հայտնի է դարձել իշխող Պահպանողական կուսակցության՝ Բիրմինգհեմում կայացած համագումարին նրանց ելույթների տեքստերի քաղվածքից, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ։ Գաղափարն այն է, որ տվյալ քայլը պետք է երկրի պաշտպանության նախարարությանն ազատի զինվորների դեմ ներկայացվող բազմաթիվ «նյարդայնացնող» դատական հայցերից։ ՊՆ նախարարի խոսքով՝ «դա լուրջ մտահոգություն է պատճառել հանուն [Մեծ Բրիտանիայի քաղաքացիների] իրենց կյանքը վտանգած մարդկանց, հարկատուներին միլիոնավոր ֆունտ է արժեցել, ինչպես նաև՝ կա իրական վտանգ, որ այդ հայցերը զինված ուժերին կխանգարեն կատարել իրենց աշխատանքը»։
Վերոնշյալ դատական հայցերը հիմնականում վերաբերում են բրիտանական զորքերի գործողություններին Իրաքում ու Աֆղանստանում․ ներկայումս ուսումնասիրության փուլում է գտնվում 1,5 հազար հայց։ Ընդ որում, դատական գործընթացները պաշտպանության նախարարության վրա բավական թանկ են նստում․ կառավարության տվյալներով, 2004 թվականից ի վեր այդ թիվն արդեն հասել է 100 միլիոն ֆունտի։
Եվրոպական օրենսդրության համաձայն, ռազմական հակամարտությունների և մարտական գործողությունների ժամանակ Կոնվենցիայի նորմերի մի մասը կարող է ժամանակավորապես կասեցվել։ Անփոփոխ են մնում միայն ազատությունների ու իրավունքների հիմնարար սկզբունքները, օրինակ՝ խոշտանգումների արգելքը։
Մի քանի երկրներ այս հնարավորությունից արդեն օգտվել են․ Ուկրաինան ՄԻԵԿ֊ի ազդեցության գոտուց մասամբ դուրս գալու մասին Եվրոպայի Խորհրդին ծանուցում էր ուղարկել երկրի արևելքում ծավալվող ռազմական գործողությունների հետ կապված։ Նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել Ֆրանսիան՝ անցած տարվա նոյեմբերին Bataclan գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, Թուրքիան՝ հուլիսյան հեղաշրջման փորձից անմիջապես հետո, Վրաստանը՝ 2006 թվին՝ վրաց֊աբխազական հակամարտության սրումից հետո, և Հայաստանը՝ 2008 թվին՝ նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաները կասեցնելու համար։
Մեծ Բրիտանիան տվյալ քայլին արդեն մեկ անգամ դիմել է՝ 1970֊ականներին Հյուսիսային Իռլանդիայում ընթացող անկարգությունների ժամանակ։ Ներկայիս նախաձեռնությունը, սակայն, աննախադեպ է, քանի որ վերաբերում է միջազգային հակամարտությանը։