Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երևան» ձուլվածքով նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման գնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ յուրաքամչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար՝ 78 հազար դրամ։ Նախկինում քաղաքապետարանն արդեն գնել է նման նստարաններ և աղբամաններ։
«Ինչպես հայտնի է՝ Երևանի քաղաքապետարանը նստարանների և աղբամանների նկարագրությունն այնպես է կազմել, որ դրանք անպայման ձուլվածքով պատրաստվեն։ Իսկ այդ դեպքում նստարանները և աղբամանները կարող է պատրաստել միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը։ Կասկածից վեր է, որ այս անգամ էլ պատվերը հենց այդ ընկերությանը կտրվի։ Ի դեպ, « Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը և ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը։ Իսկ արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցների նման ծախսերը քամուն տալու կամ կոռուպցիայի դասական օրինակ չեն»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում