Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի 29-ամյա պայմանագրային զինծառայող Դերենիկ Խալխալյանը: Aravot.am-ի փոխանցմամբ, Խալխալյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ է: Կայքի տեղեկություններով, զինծառայողը մարտական դիրքում որովայնի և կրծքավանդակի շրջանում սուր ցավեր է զգացել, կաթված է ստացել, իսկ մահը վրա է հասել նրան բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գուրամ Աղաբաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց դեռ հայտնի չէ մահվան պատճառը: Նա նշել է, որ զինվորը մահացած վիճակում է տեղափոխվել հիվանդանոց:
«Դեռ չենք կարող ասել` ինչն է եղել պատճառը: Կարող է լինեն ինֆարկտի նախանշաններ… ամեն դեպքում, ավելի ուշ կլինի դատաբժշկի պատասխանը»,-ասել է նա։