Մի քանի կանայք այսօր Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) շենքի մոտ կրկին ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերադարձնել իրենց երեխաներին։ Առաջին ակցիան կայացել էր երեկ, նրանք դիմումներ էին հանձնել ԴԱՀԿ, և այսօր պատասխաններ էին ակնկալում։
Հիշեցնենք, որ բողոքող մայրերին իրենց երեխաներին պետք է վերադարձնեն դատարանի վճիռներով, սակայն ԴԱՀԿ աշխատակիցները թերանում են դրանք կատարելիս։
Բողոքողները, սակայն, այսօր գրավոր պատասխան չեն ստացել․ ԴԱՀԿ Տեսչական և վերլուծական բաժնի պետ Գագիկ Միրիջանյանն առաջարկել է մայրերին իր գրասենյակում զրուցել և առանձին֊առանձին քննել գործերի վերաբերյալ մանրամասները։ Մայրերը պնդել են, որ իրենց հետ նաև իրավապաշտպանները բարձրանան, սակայն Միրիջանյանը թույլ չի տվել՝ արգելելով նաև լրագրողների մուտքը։
3 ժամ տևած քննարկումից հետո մայրերը զրուցել են լրագրողների հետ։ Մասնավորապես, 2015֊ին ամուսնալուծված Արմինե Ավոյանը, ում, հուլիսին կայացրած դատարանի վճռի համաձայն, 1 ամսվա ընթացքում պետք է հանձնեին իր 6 տարեկան երեխային, Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ Միրիջանյանն իրեն խոստացել է, թե 2 օրվա ընթացքում կլուծվի իր խնդիրը և երեխային իրեն կհանձնեն։
«Ինձ ասեցին, որ կապահովեն տեսակցությունները, բայց ես ասեցի, որ ինձ պետք չեն տեսակցություններ, ես ուզում եմ, որ կատարվի դատարանի որոշումը ու ինձ հանձնեն իմ երեխային։ Նրանք խոստացան, որ կկատարեն դատարանի որոշումը, բայց քանի դեռ իմ երեխան իմ մոտ չի, ես ապահովված չեմ ու չեմ հավատում հարկադիրի խոստումներին»,- ասել է Ավոյանը։
Մյուս մայրերին Միրիջանյանն ասել էր, թե նրանց գործերով զբաղվում են ԴԱՀԿ֊ի աշխատակիցները։ Ծնողներին, սակայն, չինովնիկի պատասխանները չեն բավարարել։
Բողոքող մայրերին աջակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք այլևս սպասելիքներ չունեն ԴԱՀԿ -ից և վաղն իրենց բողոքի ակցիան շարունակելու են Կառավարության շենքի մոտ։