Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիլեյանը տեղյակ չի եղել, որ կառավարությունը ծրագրում է քիմիական թափոնների պահեստարան բացել Հրազդանում։
Այս մասին Հրազդանում հանրային քննարկման ժամանակ հայտնել է քաղաքապետի օգնական Անահիտ Գաբրիելյանը։ Պաշտոնյան նշել է, որ քաղաքապետը դեմ է ծրագրին նախ բնապահպանական պատճառներով, երկրորդն էլ այն պատճառով, որ ինքը տեղյակ չէ՝ ինչ են ուզում անել: Անհանգստացնող է նաև այն, որ պահեստի կառուցումը ենթադրելու է հրազդանցիներից հողերի օտարում։
Hraparak.am կայքում տեղադրված հանրային քննարկման հղումը՝ այստեղ
«Ցավոք սրտի, մենք շրջափակված ենք թշնամական պետություններով, ոչ ոք թույլ չի տա սահմանին նման բան կառուցել։ Ստացվում է, որ միակ մարզը, որ արտաքին սահմաններ չունի, Կոտայքի մարզն է և Կոտայքի մարզը որոշեցին դարձնել պոլիգոն․․․ Եթե փորձեք այդ ծրագիրը իրականացնել, քաղաքի ակտիվը, բոլորը դեմ են դուրս գալու։ Ինչպես երկաթի հանքին, նույնպես էլ դրան։ Առանց էդ էլ մեր խմածը, շնչածը թույն է», – ասել է Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունները նախաձեռնել են Նուբարաշենի վտանգավոր քիմիական թափոնները վերացնելու ծրագիր։ Համաձայն ծրագրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտ պետք է ստեղծվի վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և դրանց վնասազերծման տեխնոլոգիական բազա։
Բնապահպանական մոտ 10 կազմակերպություններ բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով կասեցնել ծրագիրը, քանի որ պահեստի համար նախանշված 17 հեկտար մակերեսով վայրը «հանդիսանում է Սևանից ներծծվող ստորերկյա ջրերի այն հորիզոնների տարածքը, որոնք սնում են Աբովյան, Գառնի հասնող և Երևանը խմելու ջրով ապահովող աղբյուրները»։ Բացի դա, Հրազդան քաղաքից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայրը Հայաստանի քիչ սևահողային տարածքներից է՝ անհրաժեշտ գյուղատնտեսության համար։