Սարի թաղ երևանյան թաղամասի մի խումբ բնակիչներ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջել են միջամտել հուլիսի 19֊ին ձերբակալված իրենց հարազատների գործերին։
Վերջին երկու ամսվա ընթացքում սարիթաղցիները բազմաթիվ ակցիաներ են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվող իրենց հարազատներին։
«Դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, իսկ մեր տղաներն արդեն մի քանի ամիս է կալանավորված են։ Մեր բոլոր դիմումներն ուղարկվում են ՀՀ Գլխավոր դատախազություն, իսկ այնտեղից պատասխանում են, որ միջնորդություն կանեն գործը վերանայելու և պատիժը մեղմացնելու համար։ Մեր տղաներն արդեն իրենց մեղմ պատիժը կրել են՝ 4 ամիս կալանքի տակ գտնվելով»,- Epress․am-ի հետ զրույցում ասել է Սարի Թաղի բնակիչներից Նարինե Ղազարյանը։
Ակցիայի մասնակիցներն այսօր նամակ են հանձնել վարչապետին, որում խնդրում են Կարեն Կարապետյանին աջակցել իրենց հարազատներին ազատ արձակելու գործում։
«Հուսով ենք, որ այս նմանակով նրա խիղճը կարթնանա, և նա կօգնի մեզ ազատ արձակել մեր հարազատներին»,- ասել է Նարինե Ղազարյանը։
Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։