Մեծամորի ատոմակայանում դեռևս 2014 թվականին ղեկավարության ձերբակալության գործով միայն երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 7-ին, ծածուկ դատավճիռ է կայացվել։ Ձերբակալվածները «ներողություն են խնդրել և ազատ արձակվել»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Այն ժամանակ ձերբակալվել էին ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, կոմերցիոն գծով տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը՝ Բռլյանտ Ռուբոն։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, սակայն ոչ մի պաշտոնական հայտարարություն այն ժամանակ չէր տարածել։
«Երկու տարի ԱԱԾ-ն լիարժեք լռություն էր պահպանում վարույթի վերաբերյալ․․․ Պատասխանում էին՝ «նախաքննությունը շարունակվում է»։ Փաստորեն, մեր գլխավոր ռազմավարական օբյեկտում կատարվող հափշտակություններն ու թալանը ԱԱԾ մարմինները փորձում էին թաքուն պահել», – գրում է թերթը։
Դատական տեղեկատվական համակարգի կայքում նշված է, որ, բացի Բռլյանտ Ռուբոյից և ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանից, քրեական հետապնդման է ենթարկվել նաև Մեծամորի ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը։
«Դատաքննության նյութերից երևում է, որ ամբաստանյալները, մշտապես լինելով մրցութային հանձնաժողովի կազմում, շուկայականից էականորեն բարձր գներով մրցույթներ են կազմակերպել ու անցկացրել և դրանց շրջանակներում նախընտրելի իրավաբանական անձանց հետ գործարքներ են կնքել։ Նրանք անընդհատ եղել են գնումների մրցութային հանձնաժողովի կազմում։
Ատոմակայանի տնօրենն ու խմբի մյուս անդամներն այլ մախինացիաներ են կատարել։ Օրինակ, միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկների ձեռքբերման պատրվակով 2012 թ. Օգոստոսին 222 միլիոն 122 հազար 400 դրամ գումար են դուրս գրել, որի փոխարեն ձեռք են բերել 5 սկավառակից բաղկացած համակարգչային ծրագիր, բանակցային ընթացակարգով կեղծ գնումներ են իրականացրել, շուկայականից ակնհայտ բարձր գներով հատուկ հանդերձանք են ձեռք բերել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ», – գրում է թերթը։
«Հրապարակ»֊ն ընդգծում է՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ դատավոր Հրաչիկ Սարգսյանը մեղմ է վարվել և անգամ գույքի բռնագանձում չի կիրառել, իսկ նախնական հոդվածներն էապես մեղմացվել են։
«Հետաքրքիր է, որ երկրում, որտեղ, պատկերավոր ասած, մի հավի գողության համար մարդուն կալանավորում են, այս հանցավոր խմբի անդամների կալանքի որոշումները գարնանը փոխվել են չբացակայելու մասին ստորագրություններով, իսկ Ռուբիկ Մովսեսյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը, վերացվել է։
Նրանք երեքով պետությանը 783 մլն. դրամի վնաս են պատճառել և դատապարտվել են պայմանական պատժի՝ 3-4 տարի ժամկետով, ընդ որում՝ առանց գույքի բռնագանձման։ Երեքն էլ ազատության մեջ են։ Դատաքննությունն ընթացել է արագացված կարգով, քանի որ ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել ու հայտնել, որ զղջում են կատարած հանցանքների համար։ Նրանք «նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել են հանցագործությունների հետևանքով պատճառված նյութական վնասը, դատարանից խնդրել են իրենց ներել և իրենց նկատմամբ նշանակել հնարավոր մեղմ պատիժներ»։ Ահա այսպես՝ կներեք, էլ չենք անի չարություն, և այս խայտառակ պատմությունն ավարտվել է «բարի» դատավճռով», – եզրակացնում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում