«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործով 7 ձերբակալվածներից մեկը՝ արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը պատրաստվում է դիմել ծայրահեղ քայլերի, եթե նրա պահանջը չկատարվի՝ չփոխվի իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան, «Հելսինկյան ասոցացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նա չի մասնավորեցրել, թե կոնկրետ ինչ քայլերի է պատրաստվում դիմել կալանավորը։
Փաստաբանը հայտնել է նաև, որ այս պահին Պողոսյանի առողջական վիճակը բավարար է, կալանավորը գտնվում է առանձին խցում և նրան պարբերաբար այցելում է բանտի բժիշկը։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Պապիկյանը հայտնել էր, որ արդեն 7 ամիս կալանքի տակ գտնվող Պողոսյանը պահանջում է իր նկատմամբ որպես կալանքի միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավը։
Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին, և, համաձայն Պապիկյանի, նրա դեմ գործ հարուցելը հավանաբար այդ ակտիվության համար է եղել։