Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չի պատկերացնում ինչպես կարող «հանցավոր խմբի» գործով անցնող ամբաստանյալ Վահան Շիրխանյանը պատգարակով ներկայանալ դատարան։ «Ի՞նչ է նշանակում 5 ժամ պառկել դատարանի դահլիճում»,֊ ասել է դատավորը Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանին, երբ վերջինս հայտարարել է, որ Շիրխանյանը դատարան իր ոտքով գալ ի վիճակի չէ՝ առողջական խնդիրների պատճառով։
«Շիրխանյանը անկողնային հիվանդ է, 5 ամիս է՝ նա չի կարողանում իջնել, լոգանք ընդունել։ Նա ոչ թե չի ցանկանում գալ դատի, այլ չի կարող և պահանջել է պատգարակով իրեն բերել։ Ես հայտարարում եմ, որ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժշկական մասի աշխատակից Սաֆարյանի կողմից տրված տեղեկանքը, թե Շիրխանյանին պատգարակ անհրաժեշտ չէ, կեղծ է։ Նույն անձը, ով տվել է այդ տեղեկանքը, Շիրխանյանին անկողնային բուժում է նշականել»,֊ ասել է Ալումյանը։
Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասել է, որ պատճառ չունի չհավատալու բժշկի տված տեղեկանքին։
Գործով անցնող մեկ այլ ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանն առաջարկել է՝ եթե դատարանը չի հավատում Շիրխանյանին, օգտվելով իր դատական իրավունքից, կարող է նշանակել անկախ դատաբժշկական փորձաքննություն։
Դատավորը ասել է, որ ինքը դատական նիստը չի գումարում առանց ամբաստանյալներից մեկի ներկայության, ուստի չի կարող միջնորդություններ քննարկել։ Նա այսպիսիով չի քննարկի նաև Ալումյանի միջնորդությունը՝ Շիրխանյանի նկատմամբ կիրառվող կալանքը փոփոխելու մասին։
Արսենյանը պնդել է, որ այսպիսով խախտվում է նաև այլ կալանքի տակ գտնվող ամբաստանյալների իրավունքները, քանի որ նրանք շատ թերի ապացույցներով ձերբակալվել են, ավելին՝ նրանց նկատմամբ կիրառվում է տեսակցությունների արգելք, իսկ նիստերը փաստորեն ձգձգվում են։
Նման հետաձգումներից բողոքել են նաև երեք այլ պաշտպաններ։ Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 20-ին՝14.30։
Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։