Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն արդարացված է համարում հայ հասարակության, իշխանության շրջանում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ առկա դժգոհությունը։ Այս մասին գրում է «168 ժամ» օրաթերթը։
Սակայն, ըստ Մալաշենկոյի՝ Ռուսաստանը չի ստանձնել պարտավորություն որևէ երկրի զենք չվաճառելու վերաբերյալ, հատկապես, երբ այս հակամարտության գոտում հակամարտող երկրներին զենքի վաճառքը ռուսական քաղաքականության էությունն է, հատկապես, երբ այս ոլորտում բիզնեսից Ռուսաստանը մեծ գումարներ է շահում։
«Ռուսաստանը մշտապես է զենք վաճառել հակամարտող կողմերին՝ դրանով իսկ փորձելով առավելություն չտալ որևէ կողմին, միևնույն ժամանակ՝ հասկացնելով, որ իրեն ձեռնտու չէ որևէ կողմի հաղթանակը։ Ռուսաստանն այս դեպքում առաջնորդվում է իր ազգային շահերով, այդ շահը Հարավային Կովկասում ռուսական ներկայության պահպանումն է, ինչո՞ւ ոչ, նաև ամրապնդումը»», – վերլուծաբանի խոսքերն է մեջբերում թերթը։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը «168 ժամի» հետ զրույցում փորձել է բացատրել, թե ինչու հայկական կողմի դժգոհությունները չեն հասնում Կրեմլին, և ինչու է Ռուսաստանին հաջողվում ռազմականացնել առանց այն էլ սպառազինված տարածաշրջանը։ Նա զարմանում է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհում է զենքի վաճառքից, քանի որ նաև նրա քաղաքականության պատճառով է բարձրանում տարածաշրջանի ռազմականացման մակարդակը, հենց նրա քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում, մասնավորապես, Հայաստանում ամրապնդվում և ընդլայնվում է, ինչն էլ հանգեցնում է հակամարտության գոտու ռազմականացման։
«Ի՞նչ է անում Հայաստանը։ Հայաստանը ստորագրում է ռազմական համագործակցությանը վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ, որը բերում է Ռուսաստանը, խոսքը ՀՕՊ համակարգի, հայ֊ռուսական միացյալ զորախմբի մասին է», – մասնավորապես, ասել է Գրիգորյանը։
Ըստ ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի՝ Ռուսաստանի համար, ինչպես միշտ, կարևոր են հարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ են «ոչ թե առանձին երկրներ, այլ Անդրկովկասն ամբողջովին»։ Ֆելգենգաուերի խոսքով՝ Մոսկվան համարժեք է գնահատում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի մանևրի հնարավորությունները, որոնք Հայաստանի դեպքում բավականին նեղացել են, քանի որ Հայաստանը, մերժելով արևմտյան ծրագրերը, միացել է ռուսական բոլոր նախաձեռնություններին, իսկ Ռուսաստանը կարողանում է այլ ոլորտներում որոշակի զիջումներով մեղմել հայաստանյան դժգոհությունները։
«Ներկայումս Ադրբեջանը բավականին կարևոր պետություն է Ռուսաստանի համար, որի գրավելու ուղղությամբ Ռուսաստանը որոշ քայլեր է ձեռնարկում։ Պետք է հասկանալի լինի նաև այն, որ իրերի դրությունը փոխելն անհնարին է ներկայումս», – ասել է ռազմական վերլուծաբանը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում