Home / Դատարան / Տուն֊ինտերնատը գոյություն չունեցող խնամյալներ է գրանցել, մեղադրում է դատախազությունը

Տուն֊ինտերնատը գոյություն չունեցող խնամյալներ է գրանցել, մեղադրում է դատախազությունը

«Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ֊ում (պետական ոչ առևտրային կազմակերպություն) հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները։ Բացի դա, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որի հետևանքով ՀՀ պետական բյուջեից 8.471.200 դրամ ավել է ծախսվել սննդամթերքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազության կայքը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Ինտերնատում նաև գրանցված են եղել աշխատակիցներ, որոնք, ըստ Դատախազության, անհրաժեշտ չեն եղել, և նրանց նշված հաստիքները զբաղեցրած անձինք շուրջ 3.687.000 դրամ վարձատրություն են ստացել։

Նշենք, որ անցյալ տարի տուն֊ինտերնատի համար նոր մասնաշենք էր կառուցվել՝ Քուվեյթի ֆինանսավորմամբ:

Հիշեցնենք, որ 2015 թվականին պաշտոնի չարաշահման նման դեպքեր էին հայտնաբերվել նաև Բյուրեղավանի գիշերօթիկում։ Տնօրեն Գայանե Մարգարյանի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք խոշոր չափերի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերի գումար վատնելու, երկու կամ ավելի անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու համար։