Լոս Անջելեսում գործող «Support Armenia» կազմակերպության կողմից 2016 թվականի հունիսին անցկացված «Քեզ հետ եմ հայ զինվոր» անվանումով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված մոտ 164․000 դոլարի մոտ կեսը՝ 80․000 դոլար, ուղղվել է կազմակերպչական ծախսերին։ Դրամահավաքի նպատակն ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելն էր։ «Ասպարեզ» օրաթերթը հրապարակել է կազմակերպության հաշվետվությունը։
Կանխիկ հավաքված գումարը՝ $164.249
Ընդհանուր ծախսեր՝ $79, 599․35
$25,250` «Շանթ» հեռուստալիքի համար
$17,500` US Armenia հեռուստաալիքի համար
$17,850` «Մերիդիան պրոդաքշն»
$ 1000` «Աքսիոմ Դիզայնի» վճարումները՝ թռուցիկների, նամակների, բացիկների համար
$ 345, 56` Լաս Վեգաս ճամփորդություն՝ կապված դրամահավաքի արշավի հետ
$ 1,116․16` Զանի Գրաֆիկա, բեքգրաունդի (ետին պլանի) համար
$ 560․00` «Շարմ պրոդաքշն»՝ դերասանների, երգիչների նկարահանումների համար
$ 140․00` ՖԲ ծանուցագրերի համար
$272․72` Թելեթոնի օրվա համար վարձված ապրանքների համար
$ 6,800` Օֆիսի ընդհանուր վարձ՝ ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսների համար
$2,923․12` ՓեյՓալով փոխանցված գումարի պահումներ
$1,100` Կորպորացիայի բացման համար
$4,741․79` Խառը (տարբեր ծախսեր)
Ֆեյսբուքում հայտնված այս հաշվետվությունը մի շարք օգտատերերի բացասական վերաբերմունքին էր արժանացել։ Մասնավորապես, ինչպես նշում է «Ասպարեզը», օգտատերերից մեկը գրել էր․ «Փաստորեն զոհված զինվորի անվան տակ դրամահավաք են անում, որ սփյուռքահայ բիզնեսներ ծաղկեն, բարգավաճեն»։ Նա նշել էր նաև, որ «տգետ դրամահավաք է», քանի որ հավաքած գումարի կեսը ծախսն է կազմում։ Իսկ որոշ օգտատերեր էլ դժգոհել էին US Armenia հեռուստաընկերության աջակցությունից և այն անվանել էին բիզնես։
Թերթը կապ է հաստատել «Support Armenia» կազմակերպության համահիմնադիր Լիլի Ավագյանի հետ և խնդրել մանրամասնել, թե ինչպես է ստացվել, որ հանգանակված գումարի գրեթե կեսն ուղղվել է մարաթոնի ծախսային մասին։
«Հիմնական ծախսը հեռուստատեսությունների պահանջած գումարներն են։ Այդ հեռուստատեսությունները պատկանում են սեփականատերերի, պետական չեն ու դրամահավաքների ժամանակ հեռուստամարաթոնների համար գումար են պահանջում», – ասել է Ավագյանը։
Վերջինս վստահեցրել է, որ հունիսին կայացած մարաթոնի գումարները ծառայել են իրենց նպատակին․ տրամադրվել են 35 (16-ը՝ Հայաստանում, 18-ը՝ Արցախում) զոհված զինվորների ընտանիքներին, որոնք անչափահաս երեխաներ ունեն։
Նշենք, որ հունվարի 29-ին անցկացվել է երկրորդ դրամահավաքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզի» այսօրվա համարում