Ծնվելուց երկու օր անց՝ հունվարի 29-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածնի մահվան դեպքի առիթով փետրվարի 7-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության կայքը։
Դատախազությունը նշում է, որ նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված նյութերի և մամուլի հրապարակումների ուսումնասիրությունից պարզվել է, որ երեխան ծնվել է «ներարգանդային սուր հիպոքսիա, թոքաբորբ, շնչառակաան բավարարվածության երրորդ աստիճանի, երիկամային սուր անբավարարվածություն, հեմոռագիկ սինդրոմ, ցնցումային համախտանիշ» ախտորոշմամբ, ինչը կարող էր հետևանք լինել ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների պատճառով պորտալարով երեխայի պարանոցի սեղման կամ ծննդաբերության ընթացքում իրականացված ոչ ճիշտ ծննդօգնության:
«Նախապատրաստված նյութերում առկա են ծննդօգնությունն իրականացնող բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին վկայող բավարար փաստական տվյալներ, որն անզգուշությամբ առաջացրել է նորածնի մահ», – նշված է հայտարարության մեջ։
Քրեական գործ է հարուցվել 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում երեխայի պապիկը՝ Ռուստամ Իսայանը, նորածնի մահվան մեջ մեղադրել են «Արմավիր» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գևորգյանին։ Իր հերթին, նույն ԲԿ-ի բժիշկներից Իրինա Խաչատուրյանը պնդել էր, որ Գևորգյանի կողմից կեսարյան հատում անելու դեպքում երեխան չէր մահանա։