Ծնվելուց երկու օր անց՝ հունվարի 29-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից (ԲԿ) Երևանի Մուրացան հիվանդանոց տեղափոխված նորածինը 99 տոկոսով չէր մահանա, եթե ծննդաբերության ժամանակ կատարվեր կեսարյան հատում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արմավիր ԲԿ-ի բժիշկներից Իրինա Խաչատուրյանը։ Ինչ վերաբերում է ծննդաբերությունն ընդունած բժիշկին, նախկինում նա մի շարք գործերով դատապարտված է եղել և դեռ փորձաշրջան է անցնում։
«Մեր ծննդատնից թթվածնի քաղց և արյան զեղում ախտորոշմամբ նորածինը ուղարկվել է «Մուրացան» հիվանդանոց։ 99 տոկոսով արյան զեղումը և թթվածնային քաղցը չէր առաջանա, եթե կնոջը կեսարյան հատում անեին։ Դա ենթադրություն է, շատ բարդ հարց է։ Ամեն դեպքում ցանկալի է, որ նեղ կոնքի ժամանակ կեսարյան հատում իրականացվի», – ասել է Խաչատուրյանը։ Վերջինիս խոսքով՝ կեսարյան հատում չանելու որոշումը ընդունել է «Արմավիր» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գևորգյանը։ Խաչատուրյանը հավելել է, որ Գևորգյանը դեպքից հետո գործի չի եկել։
Իր հերթին, նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը, մեզ հետ զրույցում հակառակն է պնդել։ Նրա խոսքով՝ ի սկզբանե Արմավիր ԲԿ-ում իրենց ուրիշ բան են ասել։
«Իրանց կաշին փրկելու համար Արմավիրում ինձ ասացին, որ երեխան մահացել է թոքաբորբից և սրտի արատից։ Բայց մինչև ծննդաբերելը երեխան առողջ է եղել։ Սկզբում մեզ չեն ասել, որ երեխայի վիճակը վատ է», – ասել է Իսայանը։
Երեխայի մահվան վերաբերյալ պաշտոնական վարկածի մասին Epress.am-ը փորձել է տեղեկանալ «Մուրացան» ԲԿ-ից, սակայն այնտեղից մեզ հայտնել են, որ համապատասխան տեղեկատվությունը միայն վաղը կարող են տրամադրել։
Նորածնի պապիկը նշել է, որ չնայած իրենք բժշկական անձնակազմին են մեղադրում երեխայի մահվան մեջ, սակայն չեն դիմել իրավապահ մարմիններին։ Իսկ երեխային արդեն թաղել են, ասել է Իսայանը․ «4 օրական երեխային մենք չուզեցինք տանել դիահերձարան ու դանակով կտրտեին, դրա համար հողին ենք հանձնել»։
Չնայած տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում երեխայի հարազատները բողոքել են բժիշկ Գևորգյանի դեմ, սակայն Քննչական կոմիտեի հանրային կապերից մեզ տեղեկացրել են, որ երեխայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործ չկա։
Ոստիկանության մամուլի բաժնից Epress.am-ին ևս հայտնել են, որ երեխայի մահվան մասին ոչ մի հաղորդում չի տրվել։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը, տարբեր կայքերի հրապարակումները տեսնելով, քննություն չի սկսի, Ոստիկանությունից պատասխանել են, որ հիվանդանոցներում ամեն օր լինում են մահվան դեպքեր, և իրենց ոչ մի հաղորդում չեն տվել։
Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգում մի քանի վճիռներ կան Նշան Գևորգյանի դեմ։
Մասնավորապես, 2010 թվականին, երբ Գևորգյանը եղել է «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն, մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է։ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել է:
Մեկ այլ անգամ Գևորգյանը «Շտապ օգնության» ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, ինչի հետևանքով նույն տարվա դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հերթապահ բրիգադան բենզին չունենալու պատճառաբանությամբ չի այցելել հիվանդին, և հիվանդը մահացել է:
Նույն ժամանակ Նշան Գևորգյանը չի ապահովել հիվանդանոցը մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ինչի հետևանքով 2011թ. հունվարի 1-ին հիվանդանոց ընդունված փոքրիկը պատշաճ բուժօգնություն չի ստացել և մահացել է:
Երեք հիվանդի մահվան գործը քննվել է մեկ վարույթով: Դատարանը մեղավոր է ճանաչել բժշկին և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Սակայն համաներում կիրառելով՝ դատարանն ազատել է Նշան Գևորգյանին պատժի կրումից:
2014 թվականին Գևորգյանը նորից է հայտնվել դատարանում։ Այս անգամ, ըստ մեղադրական եզրակացության, կեսարյան հատում կատարելու համար հղի Ալինա Գևորգյանի սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով` հրաժարվել հղիին բուժօգնություն ցուցաբերելուց: Դատարանը Գևորգյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Նշենք, որ, փաստորեն, փորձաշրջանի ժամկետը դեռ չի ավարտվել։