300-ից ավել հոգեկան խնդիր ունեցող անձինք և նրանց ընտանիքները հրաժարվում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Հայաստանի կառավարության դիմաց այսօր հոգեկան առողջության խնդիր ունեցող տասնյակ մարդիկ բողոքում էին գործադիրի որոշման դեմ, որով փետրվարի 15-ից դադարեցվելու է արտահիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդներին տրամադրել «Զիպրեքսա» դեղը՝ այն փոխարինելով «Օլանզապին» դեղով։
Այդ դեղամիջոցի կարիքը ունեցող մարդիկ և նրանց հարազատները ասում են, որ «Զիպրեքսա»-ն ամենաշատն է իրենց օգնում, իսկ փոխարենը տրամադրվող դեղը՝ ոչ, և իրենք կրկին հայտնվում են ծանր դեպռեսված վիճակում։
Այսօր 300 հոգու անունից «Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիան» նամակ հանձնեց ՀՀ կառավարությանը, որով պահանջում են վերականգնել «Զիպրեքսա» դեղահաբի անվճար տրամադրումը։
Այս նամակից բացի, Ասոցացիան հանձնեց ևս մեկ նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որտեղ նշված է, որ 300 հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձինք այլևս չեն հավատում պետությանը և չեն մասնակցելու այս տարվա ապրիլին անցկացվող խորհրդարանական ընտրություններին։
«Ոչ միայն այդ 300 հիվանդները չեն մասնակցելու, այլ նաև այդ հիվանդերի ընտանիքի անդամներն ու բարեկամները։ Ինչի՞ համար պետք է ընտրենք, եթե մեր ձայնը հասանելի չէ ու մեզ օգնության ձեռք չեն մեկնում», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Ռոզա Սարգսյանը՝ ում որդին ևս պարբերաբար ունի այդ դեղի կարիքը։
Սարգսյանի խոսքով՝ իրենք հիասթափված են առողջապահության նոր նախարար Լևոն Ալթունյանից և վարչապետ Կարեն Կարապետյանից և նրանցից այլևս ոչ մի սպասելիքներ չունեն․ «Մենք էլ չգիտենք, ուր գնանք։ Մեզ դարձրել են փորձադաշտ, բայց էդ փորձերը կենդանիների վրա են անում, իսկ իրենք մեր ու մեր երեխաների վրա են անում»։
Բողոքի մասնակիցները համոզված են, որ կառավարությունն այս դեղի տրամադրումը հանում է, որպեսզի գումար խնայի։ «Զիպրեքսա» դեղը, ի տարբերություն նոր դեղի, որը հումանիտար միջոցով են փոխանցելու, ավելի թանկ է, չնայած պետության վրա այն բավականին էժան է նստում։ Դեղատներում այդ դեղի մեկ տուփը բավականին թանկ արժե, այնինչ պետության վրա 5 միլիգրամանոց մեկ դեղահաբը նստում է 557 դրամ»,- նշել է «Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիայի» տնօրեն Կարինե Թուխիկյանը։
Մեկ այլ որդու մայր Անահիտ Սարիգուլյանը ևս պնդում է, որ իր երեխան արդեն 20 տարի է ունի հոգեկան առողջական խնդիրներ և միայն վերջին 10 տարիների ընթացքում «Զիպրեքսա» դեղի օգտագործումից հետո իր որդու մոտ դրական տեղաշարժ է նկատվել․ «Ինչ սկսեց օգտագործել այդ դեղը, ոտքի կանգնեց տղաս։ Առաջ չէր թողում, որ տունը մարդ գար, իսկ հիմա այդ դեղն օգտագործելուց հետո շփվում է մարդկանց հետ»։
Սարիգուլյանի խոսքով, ինքն այս խնդրով զանգահարել է նաև Առողջապահության նախարարության թեժ գիծ, սակայն նրան պատասխանել են՝ «եթե վատ է նոր դեղը, բժշկի դիմեք։ Դա է մեր ունեցածը, դա ենք տալիս, եթե ձեզ դա ձեռք չի տալիս գնացեք 90 հազար դրամ տվեք, «Զիպրեքսա» դեղ ճարեք ու տվեք ձեր հիվանդին»։
Նշենք, որ hetq.am-ը հետազոտություն էր անցկացրել և պարզել, որ «Զիպրեքսա» դեղին փոխարինող նոր «Օլանզապին» դեղահաբը արտադրում է հայկական «Արփիմեդ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենը Վաչագան Ղազարյանն է։ Սակայն նրան են պատկանում ընկերության բաժնետոմսերի 97%-ը, իսկ մնացած 3%-ը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդի, Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին։
Իդեպ, «Օլանզապինն» դեղահաբն իրացվում է միայն հայաստանյան շուկայում և այլ երկրներ չի արտահանվում։