Հատուկ քննչական ծառայությունը կարճել է լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործը հանցակազմի բացակայության պատճառով, գրում է Tert.am-ը։
Կայքի հետ զրույցում լրագրող Վահե Մակարյանը նշել է, որ ՀՔԾ-ն հաշվի չի առել այն, որ պատգամավորը բռունցքով հարվածել է իրեն, ինչն արձանագրել է դատաբժիշկը, այլ ընդունել է միայն պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ցուցմունքը, համաձայն որի՝ պատգամավորը միայն մեկ անգամ ապտակել է լրագրողին։
«Անգամ եթե ըստ ՀՔԾ-ի, պատգամավորն ինձ ապտակել է, եթե այդպես համարենք, ստացվում է, որ պատգամավորը կարող է լրագրողին ապտակել և պատասխանատվության չենթարկվել»,- կայքի հետ զրույցում ասել է Վահե Մակարյան:
Լրագրողը նաև նշել է, որ պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը և հնարավորինս ապացուցել նույն ՀՔԾ-ին, որ իրականում եղել է բռունցքներով հարված, որը ֆիքսել է դատաբժիշկը:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստի ընդմիջումներից մեկի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել և հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին։
Դեպքը տեղի էր ունեցել Ազգային ժողովի միջանցքներից մեկում, որտեղ չեն եղել տեսախցիկներ։ Լրագրողի խոսքով՝ պատգամավորին դուր չէր եկել «Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ իր հարցերը, մասնավորապես, ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու և կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ։