«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության աջակից Հովհաննես Ղազարյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։
Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Ղազարյանի պաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է նրա կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 23-ի որոշումը:
Ղազարյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։
Նշենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Ղազարյանը Սարի թաղում մասնակցել է «Սասնա ծռեր» խմբի աջակցության երթին։ Այդ օրը ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների և լրագրողների դեմ, պայթուցիկներ ու լուսաձայնային նռնակներ օգտագործել, ոստիկանների գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Ղազարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:
«Այնինչ, նա պարզապես իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը, որևէ հանցագործություն չի կատարել, և նրա գործողությունների արդյունքում որևէ անձ չի տուժել: Ընդ որում՝ նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանների ցուցմունքների հիման վրա միայն՝ համապատասխան ապացույցների բացակայությամբ», – ավելի վաղ գրել էր ՀՔԱՎ գրասենյակը։