Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է (Հայաստանից պարզաբանումներն է պահանջել) 2013 թվականին ՄԻԵԴ ուղարկված Հայաստանում գործող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության դիմումը՝ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի Հանրապետությունից։
Կրոնական կազմակերպությունը և դրա ղեկավար Արթուր Սիմոնյանը նշում են, որ Հայաստանի դատարանները խախտել են արդար դատավարության իրավունքը և մտքի, խղճի և կրոնի ազատությունը՝ վճիռներ կայացնելով իրենց հասցեին վիրավորանք ու զրպարտություն հրապարակած «Իրավունք» և «Արգումենտի նեդելի վ Արմենիի» թերթերի օգտին։
Խոսքը «Իրավունքի» կողմից հրապարակած «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» վերնագրով հոդվածի մասին է, որն արտատպվել է երկրորդ պատասխանողի կողմից։
«Կյանքի խոսքը» վիրավորական և զրպարտող էր համարել հետևյալ պարբերույթունը․
«Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոուբիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծին և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք: Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է»։
Կրոնական կազմակերպությունը վիրավորական է համարում հոդվածի հետ տպագրված կոլաժը՝ Անժելա Սարգսյանի լուսանկարով և, մասնավորապես, «աղանդ» բառը։
Հայաստանում դատավարության ժամանակ հայցվոր կողմը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ անկախ մասնագիտական կարծիք տալու համար։ Խորհուրդը ուսումնասիրելով հոդվածները նշել է, որ աղանդ բառը չեզոք բառ չէ և, պարբերաբար օգտագործվելով մամուլում, ատելություն է սերմանում «Կյանքի խոսքի» դեմ։
Պատասխանող կողմը միջնոդրել է լսել իր կողմին պաշտպանող՝ Հայ առաքելական եկեղեցու կարծիքը։ Եկեղեցին պատասխանել է, որ «աղանդ» բառի օգտագործումը ճիշտ է, քանի որ «Կյանքի խոսքը» կապ չունի Հայ առաքելական եկեղեցու հետ:
Դատավարության ժամանակ դատարանի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավոր հոգևորականներ։
Ի վերջո, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է «Կյանքի խոսքի» հայցը և համարել, որ հոդվածում չի եղել որևէ վիրավորական և զրպարտող բառ։ «Աղանդ» բառի մասով էլ դատարանը հղում է արել Էդուարդ Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանի վրա, որի համաձայն աղանդը դա տվյալ երկրի եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք է։
Ինչ վերաբերում է կրոնական ազատությանը՝ դատարանը ընդունել է, որ կրոնի ազատությունը պաշտպանվում է ՀՀ Սահմանադրությամբ, բայց նաև նշել է, որ «Հայաստանը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։