Երևանյան Սարի թաղ թաղամասի մի խումբ բնակիչներ այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել՝ խնդրելով միջամտել հուլիսի 19֊ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվող և արդեն 8 ամիս կալանքի տակ պահվող իրենց հարազատների դատական գործերին։
Գործով ձերբակալված Հարություն Թորոսյանի եղբայր Թորոս Թորոսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ տուժող ոստիկաններից ոչ ոք չի ճանաչել ամբաստանյալներին և ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչ հանցանք են գործել ձերբակալվածները։
«Գործի մեջ բացակայում է, թե հստակ ինչ հանցանք են գործել ձերբակալվածները։ Դրանից բացի, ոչ մի տուժող ոստիկան չի ճանաչել մեր տղաներին և հենց իրենք են խոստովանել, որ տղաները փողոց էին դուրս եկել իրենց կենցաղային պայմանների համար։ Իսկ այս ամենը հաշվի առնելով` դատարանը դեռ շարունակում է նրանց արդեն 8 ամիս կալանքի տակ պահել և առանց հիմնավորման դատական վճիռներ կայացնել»,- ասել է Թորոսյանը։
Կալանավորվածներին աջակցող «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Կաղինյանը նշել է, որ սարիթաղցիներին առաջադրված մեղադրանքը շատ խիստ է և չի համապատասխանում նրանց արաքներին։
Նրա խոսքով՝ Հայաստանում քննչական և դատական մարմինները չեն գործում և դա է պատճառը, որ քաղաքացիները ստիպված են լինում դիմել այլ երկրների դեսպանատներին։
Ակցիայի մասնակիցները նամակներ են հանձնել նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատաներին, ՀՀ դատախազությանը և ՀՀ նախագահի նստավայր։
Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու համար։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։
Կալանավորված 9 բնակիչներից 2-ն ազատ են արձակվել, իսկ 5 բնակչի հանդեպ արդեն 3 տարի ազատազրկման վճիռ է կայացվել։