«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը այսօր դադարեցրել է 2 շաբաթ տևած հացադուլը։
Այս մասին Խանդոյանը հայտնել է իր պաշտպան, Հելսինկայն ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով տարածած հայտարարության մեջ։
Խանդոյանը նաև կոչ է արել «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին նույնպես դադարեցնել արդեն 19 օր շարունակվող հացադուլը։
«Արթուր ջան՛, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր Ծուռ պատվելի եղբայր ջան՛ մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- նշված է Արայիկ Խանդոյանի փոխանցած կոչի մեջ։
Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել ի համերաշխություն «հաց բերողի» և պահանջում էր կալանքից ազատել նրան։
Հիշեցնենք, որ հաց բերողը հացադուլով է արձագանքել իրեն երկրորդ անգամ կալանավորելու Հատուկ քննչական ծառայության որոշմանը։ Նա հացադուլի մեջ է կալանավորման օրվանից՝ փետրվարի 9-ից։ Ի համերաշխություն Սարգսյանի բողոքի ակցիա է անցկացվել նաև բանտից դուրս։ Երևանում արդեն մի քանի անգամ բողոքի երթեր է կազմակերպվել, իսկ երեկվանից մի քանի երիտասարդներ ի աջակցությունը Արթուր Սարգսյանի անժամկետ նստացույց են սկսել Ազատության հրապարակում։
Սարգսյանի պաշտպանները նշում են, որ հացադուլը շատ վտանգավոր կարող է լինել Արթուր Սարգսյանի առողջության համար, քանի որ վերջինս արդեն տառապում է ծանր հիվանդություններով, և դրանց հիմքով էլ ստորագրությամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին շուրջ 5 ամիս կալանավայրում լինելուց հետո։
Երեկ՝ ԱԺ քառօրյայի մեկնարկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սարգսյանի համար ստորագրահավաք է սկսում, որին միացել է 26 պատգամավոր։ Հաց բերողի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը պատգամավորներն ուղարկել են Դատախազություն։