«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանին հրաժարվում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Փետրվարի 22-ին Սողոմոնյանին են այցելել երեք բժիշկներ, որոնցից մեկը ՔԿՀ վարչության մաշկաբանն է եղել։
«Դեմքի ձախ մասում թարախային բշտիկը մեծացած է եղել և բժիշկերի խորհրդով Սողոմոնյանին տեղափոխել են ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ թարախային բշտիկը պատռել են, մաքրել են, վիրակապ են դրել, որից հետո կրկին տեղափոխել են խուց»,- ասել է Շուշանյանը։
Պաշտպանի խոսքով՝ բժիշկները կաթիլային են նշանակել Սողոմոնյանին, սակայն այն միացնելուց մի քանի րոպե անց նրա մոտ սրտխառնոց է առաջացել և նա փսխել է, որից հետո կաթիլայինն անջատել են։
«Թե ինչ դեղ է եղել սիստեմայի մեջ, հայտնի չէ, միայն ասել են, որ հակաբիոտիկ կա մեջը։ Իսկ փետրվարի 24-ին, երբ կրկին այցելել է բժիշկը, Արթուրը պահանջել է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որպեսզի նորմալ բուժում ապահովվի, բայց բժիշկն առանց հիմնավորման ասել է, որ դա հնարավոր չէ»,- պատմել է Սողոմոնյանի պաշտպանը։
Շուշանյանը տեղեկացրել է, որ այսօր կրկին դիմում է ներկայացրել ՔԿՀ-ի պետին, որով պահանջել է Սողոմոնյանին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրել, որը հնարավոր կլինի միայն հիվանդանոցային պայմաններում։ Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալին պետք է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» կամ առնվազն «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի բուժմաս։
Նշենք, որ Արթուր Սողոմոնյանի մոտ դեռ 2016 թվականի օգոստոսի12-ին ախտորոշվել է ֆուրոնկուլյոզ մաշկային հիվանդությունը, ինչի հետևանքով նրա մարմնի, գլխու ու դեմքի վրա թարախային բշտիկներ են առաջացել։ Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ՝ Սողոմոնյանը հիվանդության ախտորոշումից ի վեր ոչ մի արդյունավետ բուժօգնություն չի ստացել, ինչը կարող է հիվանդության բարդացման և արյան վարակման հետևանք դառնալ։