Home / Դատարան / Ում դեմ են զենքով մարդկանց դուրս բերել Հարավային Օսիայում

Ում դեմ են զենքով մարդկանց դուրս բերել Հարավային Օսիայում

Հարավային Օսիայի նախկին առաջնորդ Էդուարդ Կոկոյտիի ավելի քան 300 համակիրներ նախօրեին բողոքի ցույց են կազմակերպել Ցխինվալիում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով Հարավային Օսիայի ներկայիս ղեկավար Լեոնիդ Տիբիլովի, ներքին գործերի նախարար Ախսար Լավոևի ու Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Շարգաևի հրաժարականը։ Մինչ այդ ցուցարարները, որոնց թվում էր նաև ինքը՝ Կոկոյտին, գործչի գրասենյակից մոտից երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք՝ «ՕՄՕՆ»֊ի հետ զրուցելու։

Բողոքի ալիքը հրահրել է Հարավային Օսիայի Գերագույն դատարանը, որը մարտի 14֊ին մերժել է նախկին նախագահի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որը, իր հերթին, մերժել էր Կոկոյտիին գրանցել որպես նախագահի թեկնածու ապրիլի 9֊ին կայանալիք ընտրություններում։ Կոկոյտին հայտարարել է, որ վճիռը համարում է անարդար ու հորինված ու մտադիր է «պայքարել մինչև վերջ»։

Դատավճռի հրապարակումից հետո, Կոկոյտիի՝ դատարանի շենքի դիմաց հավաքված կողմնակիցները տեղափոխվել են Ցխինվալիի կենտրոնական հրապարակ, իսկ զինված ուժայիններն արգելափակել են հարակից փողոցները։ Նախկին նախագահն, իր հերթին, տեղի ունեցողի համար մեղադրել է գործող իշխանությունն ու ասել, որ պայքարելու է, որպեսզի ապրիլի 9֊ին ընտրությունները չկայանան։

«Էխո Կավկազա» ծառայության թղթակիցը զրուցել է Ելենայի հետ, որը նիստին պետք է հրավիրվեր որպես վկա․ «Ես չեմ ստի․ կասեմ այն, ինչ տեսել եմ։ Ոչինչ չեմ կանխատեսի, բայց կասեմ միայն, որ նրա դեմ այնպիսի՜ կեղտոտ անարդարություն է տեղի է ունենում։ Զինված անձանց են փողոցներ բերել։ Այդ զենքը կիրակելու համար է, ուրիշ ոչնչի։ Իսկ ո՞ւմ վրա են պատրաստվում կրակել, կասե՞ք ինձ։ Երեկ առանց զենքի էին, իսկ այսօր արդեն հրաման են ստացել զենքով դուրս գալ։ Այդ հրամանն արձակողը Հարավային Օսիայի ժողովրդի առաջին թշնամին է։ Հիշում եմ՝ 1989 թվականի նոյեմբերի 23֊ին մենք այս նույն վայրում կանգնած էին թշնամու դեմ՝ առանց զենքի։ Իսկ այսօր ո՞ւմ դեմ ենք կանգնած այստեղ»։