Ղարաբաղյան պատերազմի վետերաններն ու նրանց ընտանիքի անդամներն այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ հակառակ դեպքում սպառնալով նստացույց սկսել։
Երկրորդ կարգի հաշմանդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Հարությունյանի երեխաներից 4֊ն արդեն մեկ շաբաթ է դպրոց չեն հաճախում, քանի որ չունեն կոշիկներ, հագուստ և գրենական պիտույքներ։
Հարությունյանի կինը՝ Արմենուհի Մանուկյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ 2014 թվականին իրենք նստացույց են անցկացրել ՀՀ Կառավարության դիմաց, որից հետո Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանն ընտանիքին կցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որտեղից էլ իրենք ամեն ամիս ստացել է 250 հազար դրամ գումար։
Սակայն 2017 թվականի հունվարից ընտանիքն այլևս գումար չի ստանում գործարանից։ Մանուկյանի խոսքով՝ իր 12 երեխաների կարիքները հոգալու համար հաշմանդամություն ունեցող ամուսինը չի կարողանում աշխատել, իսկ ինքը չի կարող թողնել անչափահաս երեխաներին առանց խնամքի։
«Դիմել եք ներկայիս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի վերականգնվի մեզ հատկացվող գումարը, սակայն պատասխան չենք ստացել։ Մենք ապրում ենք աղքատության 60 հազար դրամ նպաստով ու ամուսնուս հաշմանդամության թոշակով, որը միայն դեղերին է բավարարում»,- ասել է Մանուկյանը։
Կառավարության դիմաց էր նաև անօթևան մնացած Սոնիկ Սիմոնյանը, ում ամուսինը ևս ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն է ստացել։
Կառավարությունը նրա ընտանիքին պատրաստ է բնակարան տրամադրել պայմանով, եթե իրենք 10 տարվա մշտական գրանցում ունենան։
«Մեզ ասում են՝ ձեզ տուն հասնում է, եթե 10 տարվա մշտական գրանցում ունենայիք, բայց մենք ո՞նց մշտական գրանցում ունենանք, եթե ամբողջ կյանքում վարձով ենք ապրում ու տուն չունենք։ Ո՞ւմ տան վրա գնանք, գրանցվենք։ Մենք հաշվառված չենք, բայց երբ տղաս կամավոր ներկայացավ զինկոմիսարիատ, նրան միանգամից քաղաքացիություն տվեցին ու տարան բանակ։ Ասում են՝ ապահով երկիր, բա էս ի՞նչ ապահով երկիր ա, որ իմ էրեխեն նկուղում ա ապրում, ինչի պատճառով հաշմանդամ է դարձել։ Սա ոչ թե ապահով, այլ դժոխքային երկիր է մեզ համար»,- նշել է Սիմոնյանը։
Բողոքողներին հանդիպել է Կառավարության նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ հորդորելով խնդիրը ներկայացնել դիմումի տեսքով։
Ակցիայի մասնակիցները դիմումներ են գրել և հեռացել։ Սոնիկ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դիմումներին ընթացք չտալու դեպքում շարունակելու են ակցիաները։