Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը 2015 և 2016 թվականներին բավական ճոխ գնումներ է կատարել։ «Ասպարեզ» օրաթերթը ներկայացրել է քաղաքապետարանի գնած ապրանքների արժեքի և շուկայական գնի տարբերությունը։
Համաձայն թերթի՝ տարեկան միայն 9 մլն-ից ավել գումար է ծախսվում գրենական պիտույքների գնման համար, որից 6 մլն 720 հազարը՝ A4 ֆորմատի թուղթ գնելու նպատակով։
Այսպիսով՝ 2015-ին A4 ֆորմատի մեկ տուփը քաղաքապետարանը գնել է 2400 դրամով, մինչդեռ Գյումրու գրենական բոլոր խանութներում ամենաթանկ տուփը այդ տարիներին և մինչև այսօր վաճառվում է 2000 դրամով՝ (մանրածախի դեպքում), իսկ ամենաէժանը՝ 1700 դրամ։
2016-ին ևս գրենական պիտույքների ձեռքբերման գումարի չափը նույն է մնացել։ Այս անգամ ևս գնվել է А4 ձևաչափի թուղթ՝ 2000 դրամով, սակայն քանակն է փոխվել։ Եթե 2015 թվականին գնվել է 2800 տուփ՝ յուրաքանչյուրը՝ 2400 դրամով, ապա 2016-ին՝ 3360 տուփ՝ 2000 դրամով։ Արդյունքում գումարի չափը մնացել է անփոփոխ՝ ծախսվել է 6 մլն 720 հազար դրամ։
Ի թիվս այլ գնումների, գրում է թերթը, ամեն տարի քաղաքապետարանը գնել է 50 միավոր ծորակ՝ յուրաքանչյուրը՝ 5500 դրամ։ 2015-ին և 2016-ին յուրաքանչյուր անգամ գնվել է 705 հազար դրամի եռաբաշխիչ տարբեր ձևերի ու չափերի, յուրաքանչյուր տարի՝ էլեկտրական լար՝ երկարացման և այլն։
2015-ին գնվել է 8 մլն դրամի վարչական սարքավորումներ․ ղեկավարի բազկաթոռ՝ 4 միավոր, յուրաքանչյուրը՝ 58 հազար դրամ, 6 միավոր շարժական բազկաթոռ՝ յուրաքանչյուրը՝ 40 հազար դրամ, 9 միավոր դյուրակիր համակարգիչ՝ յուրաքանչյուրը՝ 290 հազար դրամ, 20 միավոր պահարան՝ յուրաքանչյուրը՝ 58 հազար դրամ, 1 միավոր թանկարժեք հեռուստացույց՝ 380 հազար դրամ և այլն։
2016-ին վարչական սարքավորումների ձեռքբերման համար, գրում է թերթը, գումարը կրկնապատկվել է։
«Ասպարեզ»-ը Գյումրու քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե որքանով է նպատակային քաղաքի աղքատության պայմաններում նման գնումներ կատարել։ Պատասխանը, գրում է թերթը, գրեթե բան չի ասում․ «Ձեր կողմից առանձացված ծախսերը, որոնք հատկացվում են գրենական պիտույքների ձեռբերման, վարչական սարքավորումների, հատուկ և նպատակային այլ իրերի ձեռքբերման համար ապահովում են քաղաքապետարանի աշխատակազմի բնականոն աշխատանքը»։
«Ակնհայտ է, որ այս կառույցն անօթևաններով ու անտուններով հայտնի քաղաքի սուղ միջոցները նպատակային ու արդյունավետ չի օգտագործում», -եզրափակում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում