Home / Դատարան / Վրաստանը քաղաքական դրդապատճառներով երկրից դուրս է անում ադրբեջանցի ակտիվիստին

Վրաստանը քաղաքական դրդապատճառներով երկրից դուրս է անում ադրբեջանցի ակտիվիստին

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մարտի 21֊ին չեղյալ է համարել ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Դաշգին Ագալարլիի կարգավիճակը՝ նրան պարտադրելով մեկ ամսվա ընթացքում լքել երկիրը․ այլապես, ակտիվիստին սպառնում է արտաքսում։ Ավելի վաղ Ագալարլիին Վրաստանում բնակության իրավունքի կարգավիճակ էր շնորհվել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից։

Պաշտպանական կողմը համոզված է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ունի քաղաքական դրդապատճառներ, հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանում բնակվող ակտիվիստ ու լրագրող Աֆգան Մուխտարլիին։ Նրա խոսքով, ՄԱԿ֊ի Փախստականների հարցերով գրասենյակը պետք է խնդիրը պահի ուշադրության կենտրոնում ու, ամենայն հավանականությամբ, Ագալարլիին կուղարկվի երրորդ երկիր։

Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել էր Ինտերպոլի հարցման համաձայն 2014 թվականի մարտի 3֊ին Բաթումիում՝ թուրք֊վրացական սահմանին։ Վրաստանի իրավապահ մարմինները մտադիր էին Ագալարլիին արտահանձնել Ադրբեջանին, որտեղ նրան նախ մեղադրում էին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, այնուհետև՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց՝ «4500 եվրոյի չափով հարկերից խուսափելու» համար։ Ձերբակալությունից հետո Ագալարլին 6 ամիս անցկացրեց թբիլիսյան մեկուսարանում, որից հետո ազատ արձակվեց, քանի որ վրաստանյան դատարանում նրան առաջադրված մեղադրանքները չհաստատվեցին։

Ինչպես նշում է Contact.az կայքը, երկու երեխաների հայր 48֊ամյա Ագալարլին 1980֊ականների վերջի ու 1990֊ականների սկզբի «ազգային֊ժողովրդավարական» շարժման ակտիվ մասնակից էր։ 1992 թվին՝ «Ազգային ճակատ» կուսակցության կառավարման օրոք, նա նշանակվել էր Վառելիքի պետական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ։ Ավելի ուշ Ագալարլին դարձել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ։