Արդյո՞ք ժամանակն է ադրբեջանցի լրագրողներին գրանցել Կարմիր գրքում։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ․ բոլորովին վերջերս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց զեկույց, որում Ադրբեջանին քաղաքացիների ազատության վարկանիշային ցուցակում 211 երկրների շարքում հատկացվել էր 189֊րդ տեղը՝ Թուրքմենստանի, Սիրիայի ու Արևմտյան Սահարայի կողքին։
Ինքը՝ Ադրբեջանը, կարծես, այդ առիթով մտահոգված չէ․ արդեն երկար տարիներ երկիրը նման վարկանիշային ցուցակներում վերջին տեղերն է զբաղեցնում։ «Քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբ» ՀԿ֊ի՝ նոյեմբերին հրապարակված զեկույցում ներկայացված հաշվարկների համաձայն, երկրում ներկայումս ազատազրկման ձևով պատիժ է կրում 119 խղճի գերի․ այդ թվում՝ քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, բլոգերներ և նույնիսկ բանաստեղծներ։
Ազատության մեջ գտնվողների շրջանում գնալով պակասում է երկրում մնալ ցանկացողների թիվը։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հրաժարվել լրագրողական գործունեությունից, երկրից դուրս գալու հնարավորություններ են փնտրում։ Հարևան Վրաստանը վաղուց արդեն դարձել է փախուստի համար ամենատարածված ուղղությունը։
Վրաստանը, իր հերթին, ազատությունների վերաբերյալ վարկանիշային ցուցակներում կայուն կերպով զբաղեցնում է հորիզոնականներ միջին հատվածում՝ վերևին մոտ․ երկիրը ունի «մասամբ ազատ» կարգավիճակ, լրագրողները նստած չեն բանտերում, բլոգերները նկարում են իրենց տեսահոլովակները, իսկ բանաստեղծները գրում են իրենց բանաստեղծությունները։ Վրաստանցի լրագրողներն, իհարկե, խնդիրների պակաս չունեն, բայց Ադրբեջանին չեն հասնի, ու հենց դա է պատճառը, որ, հատկապես վերջին մի քանի տարիներին, երբ ադրբեջանական ռեժիմը սկսեց էլ ավելի պինդ ձգել պտուտակները, տասնյակ ու հարյուրավոր ադրբեջանցի լրագրողներ ու բլոգերներ ձեռնամուխ եղան սահմանը հատելու։
Այդպես երկար շարունակվել չէր կարող, ու պաշտոնական Բաքուն կիրառեց նոր բարձր ճշգրտության զենք՝ երկրից դուրս գալու արգելքներ։ Ընդ որում, արգելքի մասին, հիմնականում, նախապես չի հայտարարվում․ փոքրիկ ու անսպասելի անակնալ է, որն իր մասին իմաց է տալիս հենց սահմանին։ Ավելին, նրանք, ում մինչ այս հաջողվել էր երկիրը լքել, կարող էին ճամփորդելու արգելք ստանալ Ադրբեջան կարճատև այցի ընթացքում։
Վրաստանում շատերն են բնակություն հաստատել․ նույնիսկ որոշ բարեր մտնելիս կարելի է տեսնել նոր հաճախորդների՝ իրենց երկրի վերջին նորությունները քննարկող երիտասարդ ադրբեջանցի լրագրողների։ Ստեղծվեցին աքսորված լրագրողների համայնքներ․ մի շարք հրատարակչություններ, ֆրանսիական Դիմադրության ոգով, իրենց ոչ պաշտոնական խմբագրությունները տեղափոխեցին Թբիլիսի՝ ձերբակալություններից ու խուզարկություններից հեռու։ Այստեղ են իրենց գործունեությունը ծավալում նաև բազմաթիվ՝ Ադրբեջանում իրավապաշտպան հանրության մնացորդներին աջակցող հասարակական կազմակերպություններ։
Ու եթե վրացիներն այդ համալրմանը բավական արագ ընտելացան, ապա Ադրբեջանում դրա հետ համակերպվել չեն պատրաստվում։ Առավել ևս, որ Վրաստան մեկնողներից շատերն այստեղ երկար մնալու մտադրություն չունեին, այլ երկիրն օգտագործում էին որպես Եվրոպա տեղափոխվելու ցատկահարթակ․ իսկ եվրոպական հարթակներից քննադատությունը Բաքվին ընդհանրապես ձեռնտու չէ։ Ինքը՝ Թբիլիսի քաղաքը, ըստ մի ադրբեջանցի լրագրողի դիպուկ համեմատության, հանկարծ նմանվեց Կասաբլանկային։ Մարոկոյի այս քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվ էին բոլոր հակառակորդ կողմերի գործակալները, այստեղ էին թաքնվում այլախոհները։
Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են․ առանց ադրբեջանական ածխաջրածինների Վրաստանը կանգնում է ձմռանը սառչելու ու ռուսաստանյան գազից կախվածություն ձեռք բերելու վտանգի առաջ՝ Մոսկվային տալով երկրի վրա ճնշում գործադրելու նոր լծակ։ Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը երկրում շատ ազդեցիկ է, հատկապես դրա հարավային մասում, որը բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով։
Նախորդ տարվա աշնանը Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնցում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն օդի ու ջրի պես պետք էին բոլոր ձայները, որոնք կարելի էր հավաքել։ Էթնիկ ադրբեջանցիների ձայները Քվեմո Քարթլի շրջանում, որտեղ սովորաբար ամուր են ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության դիրքերը, իսկական գանձ էին [իշխող կուսակցության համար]։
Վրաստանից եկող մտահոգիչ ազդանշանները հայտնվեցին հենց նախընտրական շրջանում․ վերացող ադրբեջանցի լրագրողների վերջին հանգրվանը հանկարծ արդեն այնքան էլ խաղաղ ու բարեկամական չէր։
Հայտնի է առնվազն երեք դեպք, երբ Ադրբեջանի իշխանությունների հանդեպ ընդդիմադիր տրամադրված մարդկանց՝ Վրաստանում կացության թույլտվությունը չերկարաձգվեց։ Բազմաթիվ ադրբեջանցի լրագրողներ ու ակտիվիստներ սկսեցին խոսել քաղաքում հետապնդումների մասին։ Նրանցից ոմանք, ովքեր նախքան երկիրը լքելը հարցաքննությունների էին ենթարկվել Ադրբեջանի ուժային կառույցներում, հայտնեցին, որ նույն մարդիկ իրենց հանդիպումների են կանչում արդեն Թբիլիսիում։ Խնդիրների սկսեցին բախվել այն ակտիվիստները, որոնց՝ Վրաստանում ապաստան ստանալու մասին դիմումների ուսումնասիրությունն արհեստականորեն ձգձգվում էր․ նրանք չէին կարող ապաստանի համար դիմել երրորդ երկրներ։
Առաջացավ ենթադրություն, որ վրացական Քվեմո Քարթլի շրջանի բնակիչների քաղաքական կամքի վրա Ադրբեջանի իշխանությունների ազդեցության դիմաց, Վրաստանի իշխանությունները նպաստում են, կամ գոնե որևէ կերպ չեն խոչընդոտում ադրբեջանական իշխանությունների՝ փախստականների այդ ալիքի վրա ճնշումներին։ Թղթաբանության առումով ամեն ինչ մաքուր էր՝ ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման մերժումը հեշտորեն բացատրվում էր «ազգային անվտանգության հարցերով»։ Այնուամենայնիվ, դժվար է բացատրել, թե ինչպես կարող էր «սխալ» մասնագիտություն ընտրած ադրբեջանցի ամուսնական զույգի բնակությունը Վրաստանում վտանգել երկրի ազգային անվտանգությանը։ Մի շարք դեպքերում մերժումները հաջողությամբ բողոքարկվել են, երբ դատարանները ճանաչել են դրանց անհիմն լինելը։
Խորհրդարանական ընտրություններն անցան, Քվեմո Քարթլի շրջանը մի փոքր ցնցում ապրեց․ Մառնեուլիի ընտրատեղամասերում զանգվածային ծեծկռտուքներ եղան, որոշ տեղերում նույնիսկ հարկ եղավ հատուկ ջոկատայինների գործի դնել։ Ընդհանուր առմամբ, սակայն, քվեարկեցին այնպես, ինչպես ձեռնտու էր իշխող կուսակցությանը։ Նույն Մառնեուլիում, օրինակ, «Վրացական երազանքի» թեկնածուն ստացավ ձայների 72 տոկոսը։
Ի՞նչ կարող է սա նշանակել հենց Վրաստանի համար։ Արդյո՞ք արժեր ընտրություններում հաղթանակի համար զոհաբերել Վրաստանի՝ Հարավային Կովկասում «ժողովրդավարության փարոսի» համբավը։ Երկիրն ընտրել է զարգացման եվրոպամետ ուղի․ այդ մասին հիշեցնում են Վրաստանի ողջ տարածքում տեղադրված Եվրամիության դրոշները, վրաստանցի քաղաքական գործիչների հայտարարությունները տարբեր հարթակներից ու հենց բնակչության տրամադրությունները։ Եվրաինտերգրման ճանապարհին երկրի գրանցած հաջողություններն աննկատ ու չգնահատված չեն մնում։ Փետրվարին, երկար սպասելուց հետո, Վրաստանը վերջապես ստացավ Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների հետ վիզաների վերացման «թույլտվություն»․ սակայն, ինչպես մեզ սովորեցրել են հոլիվուդյան ֆիլմերը, մեծ հնարավորությունների հետ գալիս է նաև մեծ պատասխանատվություն։ Պատասխանատվություն նրանց առջև, ովքեր գալիս են դեպի վերոհիշյալ փարոսի լույսն ու ովքեր կիսում են այդ արժեքները։ Երկիրը, որը բարձրաձայն հայտարարում է եվրոպական հանրությանը միանալու մտադրությունների մասին, պարզապես չի կարող նմանվել Ռուսաստանին, որը Հյուսիսային Կորեային է հանձնում կյանքի սպառնալիքով տոտալիտար պետությունից դուրս պրծած փախստականներին։ Այո, Ադրբեջանը Հյուսիսային Կորեա չէ ու ոչ ոք արտաքսված այլախոհներին չի գնդակահարում, բայց նրանք, գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ, հայտնվում են երկրից դուրս գալու արգելք ունեցողների ցուցակում։ Նրանք միայն մի հնարավորություն ունեն, ու Թբիլիսին սկսել է խլել այդ հնարավորությունը․․․
Այս մերժումների վերաբերյալ բարոյական հարցերը մի կողմ դնելով ու դիտարկելով այն, թե նման վարքագիծը ինչի կարող է հանգեցնել՝ պետք է գիտակցել, որ եվրաինտեգրումը ենթադրում է որոշակի համբավ, որը պետք է ունենա տվյալ երկիրը։ Ժողովրդավարական հասարակության համբավը դժվար է ձեռք բերել ու առավել ևս դժվար՝ պահպանել․ ադրբեջանցի այլախոհների արտաքսումը երաշխավորում է հեղինակության կորուստները։
Հատկապես հիմա, երբ Ադրբեջանը վերադառնում է համաշխարհային մեդիա հանրության տեսադաշտ։
Զարմանալի է նաև այն, որ նուրբ մերժման այս քաղաքականությունն աննկատ է մնում ադրբեջանցի լրագրողների վրաստանցի գործընկերների ու հասարակական կազմակերպությունների կողմից։ Զորակցությունը, որն ի վիճակի է աղմուկ բարձրացնել տվյալ խնդրի շուրջ, կարող է կտրականապես փոխել իրավիճակն ու պետությանն ստիպել գնահատել հալածանքների վրա աչք փակելու քաղաքականության հնարավոր վտանգները։
Ռամազ Կիկնաձե,
հատուկ newcaucasus.com֊ի համար