հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Նախարարն արձակուրդում է․ ԿԳՆ-ից չեն մեկնաբանում ՀՀԿ-ի համար աշխատող դպրոցների մասին լուրը

Նախարարն արձակուրդում է․ ԿԳՆ-ից չեն մեկնաբանում ՀՀԿ-ի համար աշխատող դպրոցների մասին լուրը

Կրթության և գիտության նախարարությունից առայժմ հրաժարվում են մեկնաբանել Sut.am կայքի հրապարակած փաստերն այն մասին, որ առնվազն 114 հանրակրթական հաստատությունների տնօրեններ ՀՀԿ֊ի համար ցուցակներ են հավաքում։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախարարը գտնվում է արձակուրդում։

«Այս պահին մի բան կարող եմ ասել․ նախարարությունը տեղյակ է, որ նման ձայնագրություն է տարածվել համացանցում։ Զեկուցվել է այս պահին նախարարի պարտականությունները կատարող, տեղակալ Մանուկ Մկտչյանին, քանի որ գիտեք, որ նախարաը գտնվում է արձակուրդում։ Որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել»,֊ ասել է մամուլի խոսնակը։

Նշենք, որ Sut.am կայքը կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը ստուգելու համար զանգահարել է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրեններին և, ներկայանալով որպես Հանրապետական կուսակցության շտաբի անդամ, տեղեկություններ է ստացել կուսակցության համար կազմվող ցուցակների մասին: «Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ): Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը, տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»): Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով», – գրել է կայքը: