Հայաստանի մշակույթի նախարարությունը զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ և մեկ քարանձավախումբ հնգական տարով վարձակալության տալու մրցույթ է հայտարարել՝ հաշվի չառնելով հնագետների կարծիքը։ Նման քայլը կարող է վտանգել քարանձավներում իրականացվող հնագիտական աշխատանքները։ Մրցույթը հայտարարվել է Վայոց ձորի մարզում գտնվող Թռչունների, Մագելանի, Մոզրովի, Արջի և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի մոտ գտնվող «Քարե դռներ» քարանձավների վերաբերյալ։
Պատմամշակութային ժառանգության օբյեկտները ճիշտ պատրաստել զբոսաշրջության համար լավ գաղափար է․ դա և՛ գումար է բերում, և՛ լուծում է հուշարձանի պահպանության խնդիրը։ Սակայն միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հուշարձան պահանջում է առանձնակի մոտեցում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը։
Ավետիսյանի խոսքով՝ մասնավորապես, սխալ է Արենիի Թռչունների քարանձավը (Արենի֊1) մրցութային մի փաթեթի մեջ դնել մյուս հուշարձանների հետ և գնահատել նույն չափորոշիչներով։ Գիտնականը նշել է, որ այդ քարանձավում իր ղեկավարած ինստիտուտը արդեն տասը տարի է պեղումներ է իրականացնում։
Նա ասել է, որ ամբողջությամբ չի ուսումնասիրել մյուս քարանձավների դրանց առանձնահատկությունները՝ այնուամենայնիվ, նշելով, որ բոլորն էլ հնագիտական հետազոտությունների կարիք ունեն։ Մագիլի, Արջի, Մոզրովի քարանձավներն այս պահին շատ ավելի բնության օբյեկտներ են, բայց այնտեղ կան նաև հնագիտական շերտեր։
«Ինչ վերաբերում է Արենի 1-ին, ապա այնտեղ բացված շերտեր կան և դա նշանակում է՝ այդ հուշարձանի հետ կապված որևէ ծրագիր նախ և առաջ պետք է ածանցված լինի այդ շերտերի պահպանության և հետագա ուսումնասիրության խնդիրների հետ», -ասել է Ավետիսյանը։
Գիտնականը ներկայացրել է աշխարհի ամենահին գինու արտադրական համալիր համարվող «Արենի 1»-ի հետ կապված իր մտահոգությունները․ «Այնտեղ հում աղյուսից արված կառույցներ կան, որոնք ուշ, թե շուտ հալվելու են, թափվելու են, գնան։ Այսինքն՝ պետք է նախ հետազոտել, հասկանալ դրանց բաղադրությունը, գտնել այն ձևը, ինչպես կարող ենք ամրակայել դրանք, դրանց կյանքը երկարացնենք, քանի որ որոշ ժամանակ հետո չեն լինի։ Չհասկանալ դա և հայտարարել մրցույթ, դա հուշարձանի ավերման ճիշտ ճանապարհն է։
Առաջին հերթին, պետք է գտնել միջոցներ, այդ միջոցները ուղղել գիտահետազոտական բավական տարիներ պահանջող հետազոտական ծրագրերի իրականացմանը։ Այդ ծրարգրերը պետք է ծառայել այդ հուշարձանում բացված կառույցների ամրակայման խնդիրներին։ Երբ այդ ամեն ինչը կանենք, հուշարձանը դառնա թանգարանացման ենթակա, երբ հասկանանք՝ զբոսաշրջիկների մուտքը չի վնասում, նոր կարելի է հուշարձանը որպես զբոսաշրջության օբյեկտի մրցույթ հայտարարել։ Այսօր և շատ երկար տարիներ նա պետք է օգտագործվի որպես գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարելու օբյեկտ»։
Ավետիսյանը նաև ընդգծում է, որ իրենց մասնագետների կողմից մրցույթի կազմակերպումից առաջ արվել են առաջարկներ, որոնք մեծամասամբ չեն ընդունվել։
Նա անդրադարձել է ևս մեկ խնդրի՝ 10 տարի շարունակ նրանք պեղումներ են արել և ծախսել են հսկայական գումարներ։
«Համագործակցել ենք տարբեր գիտահետազոտական կենտրոնների հետ, հսկայական գումարներ են ծախսվել, տարբեր ֆոնդեր գումարներ են տվել, այս ինստիտուտը նույնպես գումարներ է տվել։ Այդ դոլարները Մշակույթի նախարարությունը չի ծախսել, որ դնում է դա աճուրդի կամ մրցույթի։ Այդ գումարները ծախսած կազմակերպությունները վաղը կարող են գալ և հարց բարձրացնել։ Որքանո՞վ է արդարացված․․․ կա պեղվող հուշարձան, որն ունի իր ուսումնասիրող կազմակերպությունը․ հայտարարվում է մրցույթ, և հաղթողը կորոշի, թե ինչ ուսումնասիրություններ կարելի է այնտեղ կատարել։ Փաստորեն, այս հուշարձանը բերել ենք համաշխարհային ճանաչում ստացած հուշարձանի կարգավիճակի, և վաղը պարզվում է, որ այսինչ լաբորատորիան, որտեղ այդ քարանձավից նյութեր են դրված, այնտեղի աշխատակիցներն այդ աշխատանքներում ընդգրկված են, իմանում է, որ ինչ -որ մեկը հաղթել է։ Եվ այնպես կարող է պատահել, որ ինքը [լաբորատորիայի աշխատակիցը] չկարողանա վաղը մտնել այնտեղ, գործ անել, երբ ինքը հարյուր հազարավոր դոլարների ծրագիր է այնտեղ անում։ Այս խնդիրներից կարող էինք խուսափել, եթե պեղող կազմակերպությանը հարցնեին՝ մենք ուզում ենք նման բան անենք, ի՞նչ կարծիքի էիք», ֊ ասել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։