Կառավարության գալիք նիստում որոշվելու է պետական բյուջեից փոխհատուցում տալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ գործերով հաղթած ևս երկու հայցվորների՝ ոչ գույքային վնասի փոխհատուցում՝ ընդհանուր 6000 եվրոյին համարժեք դրամ։
Խոսքը «Տեր֊Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» և «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործերի մասին է․ երկուսով էլ ՄԻԵԴ֊ը ճանաչել է արդար դատավարության իրավունքի խախտում։ Հայցվորներն իրենց դիմումներում նշել էին, որ Հայաստանի դատարանն իրենց դեմ վճիռներ է կայացրել՝ հիմնվելով առավելապես որոշ վկաների ցուցմունքների վրա, որոնք սակայն չեն եկել դատարան և ցուցմունք չեն տվել դատավարության ընթացքում։ Բացի դրամական փոխհատուցում պարտադրելուց՝ 2900 եվրո՝ հայցվոր Դավիթ Ավետիսյանին, 3100 եվրո՝ Վաղինակ Տեր֊Սարգսյանին, ՄԻԵԴ֊ը հորդորել է Հայաստանին վերաբացել դատական գործերը։
«Դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության երաշխիքների խախտմամբ, գործով վճիռ հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի պատշաճ կարգով գործի վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան»,֊ գրված է ՄԻԵԴ վճիռներում։
ՀՀ քաղաքացի Վաղինակ Տեր֊Սարգսյանը մեղավոր է ճանաչվել Ղազախստանում տեղի ունեցած սպանության համար։ Նրա դեմ նախ վճիռ է կայացվել Ղազախստանում, ապա Հայաստանի դատարանը, առանց գործը մանրամասն քննության ենթարկելու, հաստատել է այդ վճիռը։
Դավիթ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել բանտ թմրանյութ փոխանցելու համար, սակայն նա չի ընդունել մեղադրանքը՝ պնդելով, որ այն տորթը, որում, ըստ գործի նյութերի, գտել են թմրամիջոցը, իր ներկայությամբ չի զննվել։