Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր առանց հայցվոր կողմի ներկայության ավարտվել է Հյուսիսային պողոտայում 2016 թվականի ամառվանից գործող բացօթյա Cafe de France սրճարանի դեմ բողոքի քննությունը։
Հայցվոր Նիկոլայ Դանիելյանի պաշտպան Էդգար Բադեմյանը մոտ 10 րոպե ուշացել է նիստից մեկնարկից, իսկ դատավոր Ռուբեն Ներսիսյանն առանց սպասելու որոշում է կայացրել արագացրած կարգով քննել գործը և հայտարարել, որ վճիռը հրապարակվելու է ապրիլի 27-ին։
Epress.am-ի հետ զրույցում Բադեմյանը նշել է, որ Ներսիսյանի որոշումը բացահայտ անօրինականություն է, քանի որ այս դատական գործն անցկացվել է նախապատրաստական փուլով և գործը չէր կարող առանց դատաքննության ավարտվեր։
«Ակնհայտ է, որ շատ անհրաժեշտ է եղել դատավորին առանց մեզ այս դատավարությունը հապճեպ ավարտել։ Նախապատրաստական փուլից դատաքննության փուլ անցնելու դեպքում դատարանը պարտավոր էր որոշումը հանձներ երկու կողմերին, իսկ մենք դատաքննություն սկսելու մասին ոչ մի որոշում չենք ստացել, ինչը ենթադրում է, որ կամ առանց մեր գիտության սկսվել է դատաքննության փուլ և ավարտվել, կամ էլ առանց դատաքննության ավարտվել է գործը։ Այս երկու դեպքում էլ անօրինական են լինում դատավորի գործողությունները»,- նշել է Բադեմյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս դատական գործի ընթացքում բազմաթիվ անօրինականություններ են եղել, իսկ այսօրվա նիստը դատավարական խախտումով է ընթացել։ Փաստաբանը նշել է, որ իր վստահորդ Նիկոլայ Դանիելյանի համաձայնության դեպքում ինքը պատրաստվում է դատավորի վարքագիծը քննարկելու մասին դիմում ներկայացնել վերադաս մարմիններին։
«Այս ամբողջ դատական գործընթացում ակնհայտ էր դատավորի շահագրգռվածությունն ի օգուտ հակառակ կողմի, և դատավորի նման վարքագծից հետո գրեթե համոզված եմ, որ այս գործով վճիռը նույնպես անօրինական է լինելու», – ասել է Բադեմյանը։
Նշենք, որ հայցվոր կողմի պնդմամբ՝ Հյուսիսային պողոտայում 2016 թվականի ամառվանից «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ին պատկանող երկաթյա կոնստրուկցիաներով սարքված բացօթյա Cafe de France սրճարանը շահագործվում է առանց համապատասխան թույլտվության։
2016 թվականի օգոստոսի 29-ից իր սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով Դանիելյանը հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը նախ կալանք էր դրել սրճարանի վրա և արգելել նրա գործունեությունը, սակայն մեկ շաբաթ անց, առանց պատճառաբանության, կալանքը վերացվել էր։