«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն, սակայն մի քանի ժամ հետո կրկին վերադարձվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում Հարությունյանը պատշաճ բուժօգնություն չի ստացել և մի քանի ոտքի վարժություններ անելուց հետո նրան վերադարձրել են քրեակատարողական հիմնարկ։
Հովհաննեսն, ըստ պաշտպանի, ստացիոնար բուժման կարիք ուներ, այլ ոչ թե ամբուլատոր, և «Հայաստանի Հանրապետությունն ամեն կերպ խոչընդոտում է Հարությունյանի բուժմանը»։ Վերջինս համոզված է, որ դա արվում է ցույց տալու համար, թե ՄԻԵԴ-ի պահանջը կատարվում է: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ժամանակ է տվել Հայաստանի կառավարությանը մինչև ապրիլի 18-ը և 3 պահանջ ներկայացրել, որոնցից ամենահրատապը Հարությունյանին անհապաղ բուժօգնություն ցուցաբերելն է։
«Կարմիր խաչ բերելուց անգամ Հովհաննեսի վրա ճնշում էին գործադրում։ Նա կենտրոն տեղափոխվելիս աջ ձեռքում ձեռնափայտն էր բռնել, որի օգնությանբ քայլում էր, իսկ ձախ ձեռքով 3 ծանր տոպրակներ էր բռնել, որոնցում իր հագուստն էր։ Այսինքն իրեն ուղեկցող գումարտակից ոչ-ոք չէր օգնել, իսկ ձեռնափայտով ձեռքն էլ շղթայված էր։ Ես կարող եմ ասել, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի են խստացել նրա նկատմամբ ճնշումները։ Իսկ քիչ առաջ, երբ նորից տեսակցեցի Հովհաննեսին, նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցավերի մեջ պառկած էր»,- նշել է Սարգսյանը։
Հովհաննես Հարությունայնը մեղադրվում է 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։