Լրատվամիջոցների վրա հարձակումներն ընթացիկ տարում դարձել են սովորական։ Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատությանը խնդրին վերաբերող երեկ հրապարակված 2017 թվականի զեկույցում։
«Մամուլի ազատությունն առավել քան երբևէ վտանգի տակ է։ Մամուլի ազատության քարտեզի վրա արդեն 21 երկրներ սև են, քանի որ իրավիճակն այդ երկրներում գնահատվում է «շատ վատ», 51֊ը՝ կարմիր, այն է՝ «վատ»։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը վատթարացել է 180 երկրների երկու երրորդում՝ (62.2%)», ֊ ասված է զեկույցի նախաբանում։
Ըստ զեկույցի հեղինակների` Հայաստանը մեդիա ազատության առումով նախորդ տարվա համեմատ 5 տեղով հետընթաց է գրանցել և 180 երկների ցանկում զբաղեցնում է 79֊րդ հորիզոնականը։
«Թվային հեռուստատեսության անցնելու կարևոր այս շրջանում քննադատող հեռարձակողների համար ապագայում աշխատանքային տարածք ստեղծելը կախված կլինի նրանից, թե որքանով անկողմնակալ կկազմակերպվեն տենդերները»,֊ գրել են «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցի հեղինակները։
Թվայնացման գործընթացից տեղական լրատվամիջոցներն ու մեդիա փորձագետներն արդեն դժգոհ են։ Հատկապես մարզային հեռուստատեսություններն ահազանգում են, որ թվային հեռարձակման անցնելու ու անալոգայինն անջատելու հետևանքով իրենք հայտնվել են փակման եզրին։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունում է, որ լրագրողների՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը պաշտպանվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, թեև քննչական մարմինները պահանջել էին Ilur.am կայքից և «Հրապարակ» օրաթերթրից բացահայտել հրապարկումներից մեկի աղբյուրը։
Կազմակերպության փորձագետները դժգոհ են, սակայն, որ լրագրողների դեմ բռնությունները Հայաստանում շարունակվում են և անպատիժ են մնում։