Ապրիլի 29-ին Բագրատունյաց պողոտայում վթարի է ենթարկվել Երևանում սանմաքրում և աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության 60-ամյա աշխատակից Արկադի Ավանեսյանը։ Մի քանի օր առաջ վերակենդանացման բաժանմունքից նա տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրա ոտքը վիրահատել են, վնասվածքներ ունի նաև թևի շրջանում։
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 01։00-ին, երբ «Սանիթեքի» աշխատողը փողոցում աղբ էր հավաքում։
Epress.am-ի հետ զրույցում Ավանեսյանը նշել է, որ դեպքի մանրամասները չի հիշում։
Մեր զանգին ի պատասխան՝ «Սանիթեք» ընկերությունից խոստացել են օրվա ընթացքում կապ հաստատել, սակայն մինչև 18։00֊ն այդպես էլ չեն զանգահարել։
Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում միայն մեզ հասած տեղեկություններով «Սանիթեք» ընկերության արդեն 4 աշխատակից տարբեր հանգամանքներում վրաերթի են ենթարկվել։
Մարտի 14-ին կազմակերպությունը ստիպել է 41-ամյա Կարմեն Աբգարյանին մաքրել Հերացի փողոցի երթևեկելի հատվածը, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավտոշարասյունն էր այդտեղից անցնելու։ Փողոցը անցնելիս՝ Կարմենը վրաերթի է ենթարկվել։
Մարտի 26-ին Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի հատվածում աղբը մեքենայի մեջ թափելու ժամանակ մի մեքենան հարվածել է 65-ամյա բանվոր Վոլոդյա Աճեմյանին։ Վթարի հետևանքով կոտրվել էր նրա ոտքը, որն օրեր առաջ անդամահատել են։
Մարտի 27-ին աշխատանքի ընթացքում վրաերթի էր ենթարկվել 27-ամյա մի աշխատակից։ Մեքենան հարվածել էր նրան, երբ վերջինս փողոցն անցնելիս է եղել թույլատրված հատվծում։