Գործարար, ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի երկու ակցիա է անցկացրել։
«Մարտի մեկի դիակների վրա բազմած նախագահ, պրիմիտիվ գողության կնքահայր վարչապետ և օլիգարխների կոշիկները լպստացող ոստիկանապետ» գրություններով պաստառով այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ իր հերթական բողոքի ակցիան է անցկացրել գործարար, ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Պաստառը դուր չէր եկել Կառավարության դիմաց կանգնած ոստիկաններին, որոնք պաստառի վերջին հատվածը անձնական վիրավորանք են համարել։
Ոստիկաններից մեկն անգամ մոտեցել է Գասպարիին և պահանջել, որ վերջինս ծալի պաստառի վերջին հատվածն ու այդպես կանգնի․«Հարգելի պարոն Գասպարի Ձեզ խորհուրդ ենք տալի անձնական վիրավորանքներ չանեք։ Ձեզ խորհուրդ ենք տալի էդ տակի մասը ծալեք, կանգնեք։ Հասկանու՞մ եք Ձեզ ինչ եմ ասում։ Պարոն Գասպարի․․․վիրավորվեցի՞ք։ Հարգելիս, տակի մասը ծալեք ձեր համար կանգնեք, ձեզ բան ասող չկա։ Դե ես ձեզ առաջարկեցի՝ ինչ անեք, հասկացա՞ք»։
Գասպարիից ոչ մի արձագանք չստանալով՝ ոստիկանը հեռացել է։
Լրագրողների հետ զրույցում ակտիվիստը, մեկնաբանելով պաստառների վրա գրվածները, նշել է․ «Վովա Գասպարյանը և ոստիկանությունը ուղիղ ծառայում են ոչ միայն օլիգարխներին, այլ նաև հանցագործ աշխարհին, որի վառ վկայությունն այն է, որ 2 տարի առաջ, երբ քրեական աշխարհի ներկայացուցիչները հավաք էին կազմակերպել «Հարսնաքարում», ոչ ավել ոչ պակաս Վովա Գասպարյանը ասեց՝ մենք վերահսկում ենք կատարում։ Այսինքն՝ դա է ոստիկանության ֆունկցիան, և ընդամենը հանցագործ աշխարհի խամաճիկն ա ու օլիգարխիայի ճորտը»։
Կառավարության շենքի մոտ իր ակցիան անցկացնելուց հետո Գասպարին մեկ այլ խնդրի առնչությամբ շարունակել է բողոքել Փաստաբանների պալատի շենքի դիմաց։
Նա պառկել է Պալատի շենքի մուտքի մոտ՝ նշելով, որ բողոքում է այդ կառույցի որոշման դեմ՝ առանց անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի համաձայնության նրա վզին «հանրային պաշտպան փաթաթելու համար»։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանը, որը բերման էր ենթարկվել էր Խորենացի փողոցում անկարգություններ անելու մեղադրանքով և ձերբակալվել 2016 թվականի հունիսի 21-ին, 2 շաբաթ առաջ, դատական նիստի ընթացքում չհամաձայնելով դատախազի տեսակետների հետ, լքել էր դահլիճը, որից հետո դահլիճից հեռացել էր նաև նրա պաշտպան Արա Ղարագյոզանը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր փաստաբանին զրկել Խանդոյանին պաշտպանելու իրավունքից և երեկվա դատական նիստին դատավորի հրավերով Խանդոյանի պաշտպանությամբ զբաղվելու համար դատարան էր եկել հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանը։ Արարատ Խանդոյան հենց դատարանի դահլիճում հայտարարել էր, որ չի հրաժարվել իր պաշտպանից և չի ընդունում հանրային պաշտպանի ծառայությունը։
Այսօրվա ակցիայի ընթացքում Գասպարին նշել է՝ բացի նրանից, որ Արարատ Խանդոյանը անհիմն կալանավորվել է, իրեն նաև զրկել են պաշտպանվելու իրավունքից։
«Եվ դա թույլ է տալիս մի կառույց, որն ունի իրավաբանական ինստիտուտ կառուցելու պարտականություն։ Դատարանը գրություն ա ուղարկում, թե մի հատ փաստաբան ուղարկեք, առանց հաշվի առնելու, թե էդ մարդն ուզում ա, որ տվյալ անձը լինի իր պաշտպանը, թե ոչ, ուղարկում եք։ Այդպես էդ մարդուն փաթաթում են իրա վզին և չակերտավոր արդարադատություն են իրականացնում, ինչպես որ արեցին Հայկ Կյուրեղյանի դեպքում։ Իմ այս բողոքի դրսևորումը հենց դրա դեմ է, քանի որ ավելի նողկալի է, որ իրավունքի ոտնահարմանը մասնակցում է Փաստաբանական պալատը»,- նշել է Գասպարին։
Փաստաբանների պալատի աշխատակիցները սկսել են համոզել Գասպարիին, որպեսզի վերջինս խնդիրը քննարկելու համար բարձրանա Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մոտ, սակայն նա հրաժարվել է։
Զոհրաբյանն ինքն է իջել ակտիվիստի մոտ։ Նա նշել է, որ Փաստաբանների պալատը պարտավոր է կատարել դատարանի պահանջը և հանրային պաշտպան նշանակել, սակայն առանց վստահորդի համաձայնության փաստաբանը չի կարող ստաձնել նրա պաշտպանի գործառույթը․ «Եթե վստահորդն ասում է՝ չէ, հանրային պաշտպանը չի մասնակցում դատական գործընթացին։ Նույնը եղել է նաև Արարատ Խանդոյանի դեպքում և երբ Խանդոյանն ասել է, որ չի ընդունում Լիաննա Գասպարյանի պաշտպանությունը, փաստաբանը ասել է, որ ինքը չի ստանձնում Խանդոյանի պաշտպանությունը»։
Գասպարիի այն հարցին, թե այդ դեպքում Հայկ Կյուրեղյանի դատական նիստերին հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանն ի՞նչ կարգավիճակով էր մասնակցում, այն պարագայում երբ Կյուրեղյանը բազմիցս հրաժարվել էր նրա ծառայություններից։ Զոհրաբյանը պնդել է, որ ինքը տեղյակ չէ, քանի որ չի տիրապետում հանրային պաշտպանի գործունեության մանրամասներին։
Պալատի նախագահը հարցրել է Գասպարիին․ «Դուք պատվե՞ր եք կատարում», ինչին վերջինս պատասխանել է․ «Այո՛, իմ խղճի պատվերն եմ կատարում, և այսօր երեկոյան էլ գալու եմ ձեր տան առաջ պառկեմ, որ ձեր տնեցիները տենան, թե ոնց եք փող աշխատում և հանրային պաշտպանի իմիջ ստեղծում»։
Epress.am-ի լրագրողը, իր հերթին, հարցրել է՝ երբ վստահորդը հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից, այդ դեպքում ի՞նչ կարգավիճակով է նա շարունակում մնալ դատական նիստերին, Զոհրաբյանը պատասխանել է․ «Տվյալ տեպքում հանրային պաշտպանը ձեռք չի բերում դատավարական կարգավիճակ և պաշտպանի ոչ մի գործունեություն չի կատարում։ Նա մնում է, որպես հրավիրված պաշտպանի թեկնածու»։
Զոհրաբյանի նման մեկնաբանությունը Գասպարին կատարյալ անգրագիտություն է որակել՝ ասելով, որ քրեական դատավարության օրենսգրքում չկան գրական զեղումներ և այնտեղ հստակ ձևակերպված է, թե ովքեր կարող են լինել դատավարության մասնակիցները։ Գասպարիի պնդմամբ՝ այնտեղ չկա «պաշտպանության թեկնածու» եզրույթը․