Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն, օրեր առաջ մարդ է ծեծել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան և ծեծի ենթարկել աշխատակիցներին։
Թերթը նշում է, որ Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաև մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է։
«Երիտասարդի աչքն այն աստիճանի է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առջև», – գրում է թերթը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սպարտակ Ղուկասյանը հայտնվում է աղմկահարույց պատմությունների մեջ։
Դեռևս 2016 թվականին, մամուլի հաղորդումների համաձայն, Վարդան և Սպարտակ Ղուկասյանները ծեծի էին ենթարկել «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ Գարիկ Բաղդասարյանին:
2012 թվականին, երբ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ էր, նրա որդու մասնակցությամբ ծեծկռտուքի փաստը հաստատել էր ոստիկանությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում