Մայիսի 12-ին Բաքվի շրջանային դատարանի վճռել է 5 անկախ լրատվական կայքերի սփռումն արգելափակել Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջով՝ կայքերն արգելափակվել էին դեռևս ապրիլի 27֊ից այն հիմքով, որ դրանք հանդիսանում են «սպառնալիք ազգային անվտանգության համար»։ ԶԼՄ-ները որոշումը բողոքարկել էին դատարանում, որն էլ օրինական է համարել այդ սահմանափակումը։
Դատարանում պետությունը ներկայացնող Կապի և տրանսպորտի նախարարությունը միջնորդել էր նաև արգելել այդ 5 ԶԼՄ֊ների աշխատանքը, եթե նրանք այլ անվան տակ լույս տեսնեն։ Այս միջնորդությունը, սակայն, դատարանը մերժել է։
Այսպես, արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, «Ազադլիք» օրաթերթը, Meydan TV֊ին, «Ադրբեջան Սաաթի» ինտերնետային ալիքը և կայքը, «Թուրան TV» ինտերնետային ալիքը։
Ադրբեջանի դատարանի որոշումն արդեն դատապարտել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։