Այսօր դատարանում լարված մթնոլորտում է մեկնարկել 2016 թվականի հունիսի 20-ին ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։
Նիստին ներկա էին մեղադրյալների հարազատներն ու նրանց աջակիցները։ Բավական երկար սպասելուց հետո մի քանի ոստիկանների ուղեկցությամբ դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը։
Չնայած դահլիճն ապակիներով առանձնացված էր, և նիստին ներկաները միայն ապակուց այն կողմ կարող էին տեսնել դատական նիստի մասնակիցներին, ներկաները բուռն ծափահարություններով և «Ժիրա՛յր, Ժիրա՛յր», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությու՛ն» վանկարկումներով դիմավորեցին Սեֆիլյանին և գործով որպես մեղադրյալներ անցնող Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Հովհաննես Պետրոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Գալուստ Գրիգորյանին։
Դատական նիստի հենց սկզբում ներկաները սկսեցին բղավել և պահանջել, որ դահլիճում ապահովվի ձայնը, քանի որ բարձրախոսները, որոնց միջոցով պետք է ներկաները լսեին դատական նիստը, միացված չէին։
Սակայն բարձրախոսները միացան միայն այն ժամանակ, երբ դեռ նոր սկսված նիստը որոշվեց հետաձգել, քանի որ մեղադրյալներից երկուսի պաշտպանները չէին ներկայացել նիստին։
Ի դեպ, նիստի մեկնարկին, երբ տեսակցությունների սահմանափակման պատճառով մոտ մեկ տարի իր հարազատներին չտեսած Սեֆիլյանին բերեցին դահլիճ, ոստիկաններից մեկը կանգնեց հենց նրա դիմաց՝ փակելով տեսադաշտը և թույլ չտալով նրան տեսնել իր հարազատներին ու համակիրներին։ Երբ Սեֆիլյանն ու նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը ոստիկանին խնդրել են մի փոքր տեղաշարժվել, վերջինս հրաժարվել է՝ պնդելով, որ դա իր տեղն է։ Փաստաբանն այս խնդիրը բարձրացրել է նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ներկայությամբ, սակայն վերջինս հարցին չի անդրադարձել։
Նշենք, որ գործը քննվում է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և համարվում է արտագնա․ նիստն ընթանում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։
Նիստից հետո Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստն ընթացել է նախապես պատրաստված ծրագրով և դատավորը կատարել է այն, ինչ նախապես որոշված է եղել․ «Այն տպավորությունն էր, որ դատավորը պետք է գար, արագ ընթերցեր, հետո հեռանար և դատական նիստը հետաձգվեր։ Բայց, անգամ եթե նման սցենար կար, մենք իրավունք ունեինք հայտարարություններ անել և կարծիք հայտնել պաշտպանի ներկա գտնվելու կապակցությամբ, բայց այդ ամենը ոտնահարվեց»։
Փաստաբանն, անդրադառնալով Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքին, նշել է, որ այն միանշանակ քաղաքական հետապնդում է և նախապես ծրագրված ձերբակալություն։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ապրիլյան պատերազմից հետո Սեֆիլյանը հրապարակայնորեն բացահայտեց, որ Հայաստանը 700 հեկտար սահմաններ է կորցրել, որից հետո Սեֆիլյանի վրա տարբեր միջոցներով հարձակումներ սկսվեցին, ինչից հետո էլ ՀՀ նախագահը հաստատեց հողեր կորցնելու փաստը։ Դրանից շատ կարճ ժամանակ անց շատ հայտնի հեռուստատեսությամբ («Արմենիա» ֊ խմբ․) Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող նյութ եթեր գնաց, որից մեկ շաբաթ անց Սեֆիլյանին ձերբակալեցին»,- նշել է Հայրապետյանը։
Անդրադառնալով Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքին՝ փաստաբանը պնդել է, որ առաջին մեղադրանքը զուտ քաղաքական մեղադրանք է, ըստ որի՝ Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն անօրինական հավաքներ և ցույցեր են իրականացնել, ինչպես նաև պատրաստվել են զանգվածային անկարգություններ կազմակերպել․ «Այսինքն՝ Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են անօրինական հավաքներ կազմակերպելու համար»։
Առաջադրված մյուս մեղադրանքն, ըստ որի Սեֆիլյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև շենքեր-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, Հայրապետյանի պնդմամբ, արհեստականորեն է ստեղծված, դրա տակ չկա ոչ մի ապացույց։
«Տեղի է ունեցել հետևյալը. պատահաբար երկու հոգի վթարի են ենթարկվել, որի ժամանակ վարորդը ցանկացել է հանել է ստվարաթղթե արկղը և պատահաբար ավտոմատն ընկել է գետնին։ Հենց էդ պահին ՊՊԾ գնդի հատուկ ոստիկանները կանգնած են եղել, միանգամից հայտնաբերել են զենքը, իսկ այդ մարդիկ ցուցմունք են տվել, որ այդ զենքի հետ կապ ունի Սեֆիլյանը։ Հետագայում էլ, չգիտես որտեղից, առանց նման ցուցմունք ունենալու, ՀՔԾ-ն պնդել է, որ Սեֆիլյանը զինված մոտ 300 հոգանոց խումբ ունի, որը պատրաստվում են զինված հեղափոխություն կատարել»,- նշել է պաշտպանը։
Հայրապետյանի խոսքով՝ Սեֆիլյանը ձերբակալվել է բացառապես այդ երկու հոգու ցուցմունքի հիման վրա։
«Բացի դա, սկզբում ասվում էր, որ դեկտեմբերի մեկին պետք է Սեֆիլյանը զինված հարձակում գործեր հեռուստաաշտարակի վրա, իսկ հիմա մեղադրանքի մեջ գրված է, որ մայիսի մեկին պետք է լիներ։ Բայց, չնայած դրան, ու անգամ եթե այդպես է և Սեֆիլյանն է ղեկավարել խմբին, այդ դեպքում մյուս մասնակիցները ո՞ւր են, և ինչո՞ւ նրանց չեն բռնում, ինչու նույն մեղադրանքը չի առաջադրվել նաև այն մարդկանց, ում մոտ հայտնաբերվել է զենքը և ցուցմունք են տվել։ Ինչո՞ւ չկա այդ հոդվածը նրանց վրա, որովհետև նրանք Սեֆիլյանի դեմ ցուցմունք պետք է տային»։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին։
Նշենք, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սեֆիլյանն է կազմակերպել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ինքը՝ Սեֆիլյանը, և «Նոր Հայաստան» շարժման անդամները հայտարարել են, որ ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։