58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկած Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին, ազատ են արձակել ստորագրության դիմաց։
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից՝ նշելով, որ Ռազմիկ Դանիելյանը գործում ներգրավված է որպես կասկածյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ ազատ արձակումը։
Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Հրազդանի քաղաքապետի որդին հունիսի 8-ի երեկոյան ներկայացել էր Կոտայքի մարզային քննչական վարչություն և խոստովանել, որ նույն օրը մահացած Վալերի Թորոսյանին ինքն է վրաերթի ենթարկել։
Սակայն ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ վրաերթից հետո վարույթն իրականացնող մարմին էր ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ և հայտարարել, որ իր կողմից վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, ինքն է վրաերթի ենթարկել Թորոսյանին։ Քննչական կոմիտեն նշել էր, սակայն, որ իրենք այլ տեղեկություններ ունեն՝ վրաերթն իրականացնողը 16-17-ամյա երիտասարդ է։