Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչներն այսօր փորձել են դատարանի շենք չթողնել «Հիմնադիր խորհրդարանի» և «Նոր Հայաստան» շարժումների առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և նույն գործի շրջանակներում ձերբակալված այլ անձանց փաստաբաններին։ Կարգադրիչները պնդել են, որ պետք է խուզարկեն փաստաբաններին․ վերջիններս հրաժարվել են բացել իրենց պայուսակները։
Մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը նշել են, որ կարգադրիչները չունեն իրենց խուզարկելու իրավունք։ Հայրապետյանի խոսքով՝ փաստաբաններին խուզարկելը և դատավարությանը մասնակցել ցանկացող քաղաքացիների անձնական տվյալները գրանցելը հակաօրինական գործողություն է:
«Այս կերպ դատական դեպարտամենտի ղեկավարը հաշվեհարդար է լինում փաստաբաններից: Փաստաբաններին ոչ ոք իրավունք չունի խուզարկել: Դատավորը կամ դատախազները, որ մտել են ստուգե՞լ եք, իսկ եթե ոչ, էդ դատական դեպարտամենտի ղեկավա՞րն ա ասել, որ փաստաբաններին խուզարկեք, դատախազներին՝ ոչ», – հարցրել է Հայրապետյանը:
Բավական երկար բանավիճելուց հետո՝ անմիջապես նիստի մեկնարկից առաջ կարգադրիչներն ի վերջո փաստաբաններին թույլ են տվել առանց խուզարկվելու ներս մտնել:
Նիստի մեկնարկին ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ հիմնավոր կասկածներ կան դատավորի կողմնակալության վերաբերյալ:
Փաստաբանը, ներկայացնելով ինքնաբացարկի հիմքերը, նշել է, որ 36 հատորից բաղկացած նյութեր պարունակող քրեական գործի վերաբերյալ դատական քննություն նշանակելու որոշումը դատավորը կայացրել է 12 օրվա ընթացքում, ինչը նշանակում է, որ դատավորը նման որոշում է կայացրել առանց գործի նյութերի լիարժեք ուսումնասիրման, քանի որ նման ծավալով նյութը վերջինս չէր կարող քննել այդքան կարճ ժամանակահատվածում։ Պապիկյանը նաև ընդգծել է, որ այդ 12 օրվանից 5֊ն աշխատանքային չեն եղել։
Ինքնաբացարկի միջնորդությանը միացել է նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Նա պնդել է, որ չեզոք դիտորդի աչքով հստակ է, որ դատավորն անաչառ չի։
Մեկ ժամ տևողությամբ ընդմիջումից հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:
Գործով անցնող Գևորգ Սաֆարյանը, դիմելով դատավորին, ասել է, որ նա կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս՝ թույլ չտալով իրենց խոսել, այնինչ դատախազները հնարավորություն են ստանում ելույթ ունենալ։ Դատավորն ուշադրություն չի դարձրել Սաֆարյանի խոսքին, իսկ վերջինս պահանջել է Գրիգորյանից լսել իրեն և հավասար պայմաններ ապահովել կողմերի համար:
Սաֆարյանի պնդումներից հետո դատավորը որոշել է, որ ամբաստանյալը խանգարում է դատական նիստի ընթացքին, և, դատական սանկցիա կիրառելով, վերջինիս 3 ժամով հեռացրել է նիստերի դահլիճից։ Դատական նիստը կրկին մեկ ժամով ընդմիջվել է, որից հետո դատավորը հետաձգել է այն:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ամեն դեպքում փորձելու են օրենքով չարգելված յուրաքանչյուր քայլ կատարել, որպեսզի և՛ դատավորին, և՛ դատախազներին բերեն արդարադատության դաշտ:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Սեֆիլյանն է կազմակերպել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ինքը՝ Սեֆիլյանը, և «Նոր Հայաստան» շարժման անդամները հայտարարել են, որ ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։