Այսօր առավոտվանից Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտ 50 բնակիչներ 10 րոպեով փակել են գյուղի միջով անցնող Երևան-Էջմիածին միջպետական ճանապարհը: Գյուղի վերջում ընկած մոտ 5 փողոցների բնակիչների խոսքով՝ իրենք օրեր շարունակ զրկված են խմելու ջրից: Ջրի խնդիրը նոր չէ Փարաքարում, բայց այն սրվում է հատկապես գարնան և ամռան ամիսներին: Ջրազրկված փարաքարցիները ջրի բացակայությունը բացատրում են հետևյալ կերպ. գյուղի սկզբնամասում գտնվող ջերմոցները ջրվում են խմելու ջրով, բացի դրանից՝ գյուղ մտնող ջուրը գյուղապետարանն անհավասար է բաշխում: Epress.am-ի զրույցում փարաքարցիները պատմել են իրենց մտահոգությունների մասին, իսկ համայնքապետ Սամվել Վարդանյանը, իր հերթին, նշել է, որ ճիշտ է՝ ջրի խնդիր ունեն, սակայն այն կապված է վթարի հետ և այն աստիճան չէ, որ պետք է փողոց փակել: Նրա խոսքով՝ բնակիչների ակցիան «պռովոկատորների ձեռքի գործն է»:
Պաշտոնական տվյալներով 8533 բնակչություն ունեցող Փարաքար գյուղի մի հատվածում ջուր կա, իսկ մյուս մասը, որտեղ բնակվում են մոտ 2000 հոգի, ամռան շոգ օրերին չի կարողանում ջրից օգտվել: Փարաքարցիները զանգահարել են «Վեոլիա ջուր» ընկերություն, որը ապահովում է գյուղի ջրամատակարարումը և ջրահեռացումը, որտեղից սակայն բողոքող փարաքարցիներին ուղղորդել են գյուղապետարան: Գյուղապետարանից էլ ասում են՝ ջրի մատակարարման հետ իրենք կապ չունեն:
«Զանգում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ գյուղապետարանում լուծեք ձեր հարցրեը, նրանք էլ հակառակն են ասում: Մենք չգիտենք, թե որտեղ է խնդիրը… «Վեոլիա ջուր»-ն ասում է՝ համապատասխան ճնշումը կա, որ բասեինը լցվի, գյուղապետարանի աշխատակիցներն էլ ասում են, որ բասեինը լիարժեք չի լցվում… Ամեն դեպքում ջուրը գյուղում կորում է, եթե «Վեոլիա ջուր»-ն ասում է՝ ջուրը կա, չի հասնում ձեզ, ուրմեն խնդիրը գյուղից է», – մեզ հետ զրույցում ասել է այսօրվա բողոքի ցույցի մասնակիցներից Ինգա Սահակյանը:
Ջրի համար բողոքի դուրս եկած Աշոտ Միքաելյանի կարծիքով՝ «Վեոլիա ջուր»-ը նորմալ ջուր է ուղարկում գյուղ, սակայն գյուղապետարանն է ոչ ճիշտ այն բաշխում. «Կատարվում ա էն, որ ջուրը անհամաչափ է բաշխվում: Պիտի ամեն թաղ ունենա ենթադրենք 7 ժամ ջուր, բայց առաջին կեսը ունի 24 ժամ ջուր, 2-րդ կեսը չունի ոչ մի ժամ ջուր: Առաջին կեսում են ապրում գյուղապետարանի բոլոր աշխատողները: Ջուր չունեցող փողոցից մի հատ գյուղապետարանի աշխատող չկա, սաղ էնտեղից են: Գյուղապետն է որոշում՝ ոնց պետք է ջուրը բաշխվի»:
Խմելու ջրի նման բաշխումը, բնակիչների պնդմամբ, կապված է նաև ջերմային տնտեսությունների հետ, որոնք ջրվում են խմելու ջրով:
«Գյուղում կա մոտ 10 հոգի, որ ունեն պառնիկներ, որոնք խմելու ջրով են ջրվում, ոչ թե ոռոգման: Քանի որ ոռոգման ջրի հետ սերմեր է գալիս, մոլախոտ է առաջանում, իսկ դա [մաքրելը] ավելորդ ծախս և աշխատանք է նրանց համար», – իր կարծիքն է հայտնել բողոքի ակցիայի մասնակից Բորիկ Ադամյանը:
Բնակիչներից խոսքով՝ իրենց առավոտվա բողոքից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունից նրանց զանգել են և ասել, որ Փարաքարում ջրի վթար է եղել և խոստացել, որ ամենաուշը հունիսի 15-ի առավոտյան ջուր կունենան: Եթե առավոտյան ջուրը չտան, փարաքարցիները պատրաստվում են կրկին փակել ճանապարը: Ակցիայի վայր ժամանած Էջմիածնի ոստիկանությոան վարչության պետ Արսեն Այվազյանն անձամբ խոստացել է, որ եթե վաղը ջուր չունենան փարաքարցիները, ապա ինքը կգա, կկանգնի նրանց կողքին:
Մեզ հետ զրույցում համայնքապետ Սամվել Վարդանյանը նշել է, որ ջրի խնդիր փարաքարցիներն ընդամենը մի քանի օր ունեն, որը կապված է վթարի հետ: Բացի դրանից՝ այսօր փոխվել են համայնքի ջրի փականները, դրա համար միայն վաղը փարաքարցիները ջուր կունենան: Իսկ ջրի խնդիր ունեն ոչ թե 2000 բնակիչ, այլ, ըստ նրա, մոտ 100-120 հոգի:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե համայնքապետարանն է ջուրը սխալ բաշխում, Վարդանյանը նշել է, որ իրենց ոչ մի կապ չունեն դրա հետ. «Գյուղում բաշխելը, ջուրը հաճախորդին հասցնելը «Վեոլիա ջուր»-ի խնդիրն է: «Վեոլիա ջուր»-ը ջուրը չի ծախում համայնքանպետարանին, որ համայնքապետարն էլ ջուրը ծախի հաճախորդներին: Իրենք են բաժանում ջուրը և ըստ այդմ են հավաքում գումարը»:
Պատասխանելով այն պնդումներին, թե գյուղի խմելու ջուրը բաժին է հասնում ջերմային տնտեսություննեին, Վարդանյանը նշել է, որ միայն մեկ ջերմոց կա, որը 1 հեկտար տարածություն ունեցող մեծ ջերմոց է. «Պատկերացնու՞մ եք, եթե էդ էդ խմելու ջրով ջրեն, մեր երկու օրվա խմելու ջուրը չի հերքի էդ ջերմոցը ջրելուն, էնտեղ կաթիլային համակարգ է… Դա լրիվ սուտ է, ինչ որ պրովոկատորներ են մարդկանց ասում՝ ոնց անենք, ինչ անենք: Ջրի խնդիր ունենք, բայց էն աստիճանի չի որ դուրս գան փողոց»: