2015 թվականի օգոստոսին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով քաղաքացի Հայկ Ղազարյանը մինչ օրս դատական քաշքշուկների մեջ է։ Նա բերման էր ենթարկվել 2015 թվականի օգոստոսի 21-ին, երբ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր անկացնում Հանրապետության հրապարակում։ Այդ բողոքի ակցիան ավելի հայտնի է ոստիկանության աշխատակցի դաժան պահվածքով. Երբ վերջինս հարվածել էր 67-ամյա ցուցարար Հակոբ Նազարի֊Դեխնավիին, ինչի հետևանքով․ ցուցարարը կորցրել է ականջի լսողությունը։ Այդ առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն կարճվել, և ոստիկանն անպատիժ էր մնացել։
Հայկ Ղազարյանը եղել է 6 ցուցարարներից մեկը, ում այդ օրը տարել են ոստիկանություն և վարչական վարույթ սկսել այն հիմքով, թե նրանք չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին։ Ղազարյանի դեմ կայացվել է դատական ակտ, ըստ որի նա պետք է Ոստիկանությանը վճարեր 50.000 դրամ։
«Ես այս դատական քաշքշուկների վրա ոչ թե 50, այլ մոտ 300.000 դրամ եմ ծախսել այս երկու տարվա ընթացքում։ Մի էդքան էլ կծախսեմ, բայց էդ տուգանքը չեմ մուծի», – Epress.am֊ի հետ զրույցում ասել է Ղազարյանը։
Նրան հանդիպել ենք Արդարադատության նախարարությունում, ուր եկել էր իր դիմումի պատասխանը ստանալու։ Ղազարյանին հեռախոսով հայտնել են, որ իր դիմումը մակագրվել է մի աշխատակցի, որն այս պահին արձակուրդում է, ինչը ցուցարարը համարում է գործը ձգձգելու փորձ։
Ղազարյանը վարչական ակտը բողոքարկել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում․ երկուսն էլ Ոստիկանության օգտին վճիռը թողել են անփոփոխոխ։ Ցուցարարի խոսքով՝ վարչական վարույթը քննվել է խախտումներով։
«Ես դատարանում պահանջել եմ, որ ուսումնասիրվեն տեսանյութերը։ Չէ որ ոստիկանությունը հիմա ունի «օպերատորներ», նրանք ամբողջ ընթացքը նկարել են։ Թող այդ ապացույցները բերեն դատարան։ Ոստիկանություն դա չարեց, իսկ դատարանը չպահանջեց։ Տեսանյութում պարզ կերևար, որ ես ոստիկանության պահանջին չենթարկվելու փորձ չեմ արել։ Հակառակը, ինձ մոտեցել է Վալերի Օսիպյանը և խնդրել է մարդկանց փողոցից հետ կանչել՝ բախումները կանխելու համար։ Ես, լսելով Օսիպյանին, փորձել եմ կրքերը հանդարտացնել»,֊ ասել է մեր զրուցակիցը։
Վարչական տույժը չվճարելու պատճառով Հայկ Ղազարյանը չի կարող լքել Հայաստանը։ Նա 2015 թվականի օգոստոսին եկել էր Ռուսաստանից, որտեղ ունի գործ, բայց դրանից հետո չի կարող վերադառնալ։