2016 թվականին կացնահարված Մանսուրյանների ընտանիքի գործով երեկվա դատական նիստից հետո Կոմիտաս պողոտայում իրավապաշտպան Էդուարդ Դանիելյանին է մոտեցել մոտ 40 տարեկան մի տղամարդ և, խոսելով կացնահարված ընտանիքի մասին, ասել է․ «Ինչ լավ է չէ՞ կտրտել Վլադիկը»։
Epress.am-ի հետ զրույցում դատական նիստերը մոնիթորինգ անող իրավապաշտպանը պատմել է, որ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի ընկեր ներկայացած այդ տղամարդուն ինքը մի քանի անգամ տեսել է դատերի ժամանակ․ «Իրեն շատ ակտիվ էր պահում, ռեպլիկներ էր թողնում»։
Երեկվա դատական նիստին տղամարդը ներկա չի եղել, սակայն փողոցում մոտեցել է իրավապաշտպանին։
«Եկավ, բարևեց, ես սկզբից չճանաչեցի՝ ով է, հետո սկսեց հարցեր տալ, թե գնացե՞լ ես այսօր Վլադիկի դատին։ Միանգամից հասկացա՝ ինչի մասին է խոսքը։ Ասաց դու լրագրո՞ղ ես, ասացի՝ ոչ, ես իրավապաշտպան եմ։ Հարցրեց՝ ու՞մ ես պաշտպանում, ասացի՝ ոչ մեկին, ես փաստաբան չեմ, ես իրավապաշտպան եմ, պաշտպանում եմ արդար դատաքննության իրավունքը», – Դանիելյանի խոսքով՝ իրենք այդ պահին փողոցն էին անցնում, երբ տղամարդը ժպտալով ասել է․ «Ինչ լավ է չէ՞ կտրտել Վլադիկը, լավ ա չէ՞ մաս-մաս բաժանել։ Քիչ էր, իրենց շատ էր հասնում»։ Դրանից հետո տղամարդն արագ հեռացել է։
Դանիելյանը հնարավոր է համարում, որ գուցե տղամարդն իրենց ոչ թե հատուկ հետապնդել է, որ հանդիպի, խոսի, այլ պատահաբար է փողոցում տեսել, ճանաչել և մոտեցել։
Դատավարության ընթացքում Թագուհի Մանսուրյանին և նրա ընտանիքին աջակցող կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների անդամները մեզ հետ զրույցում պատմել են, որ իրենք էլ տղամարդուն տեսել են դատական նիստերին։ Նիստերից հետո՝ զրույցների ժամանակ, տղամարդը պատմել է, որ ինքը Վլադիկ Մարտիրոսյանի հետ ծանոթացել է ԴԱՀԿ-ում, ինչպես ամաբաստանյալը, ինքը նույնպես երեխայի խնամքի հետ կապված հարցերով է այնտեղ եղել։
Մեզ հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը պատմել է, որ տղամարդը իր նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի հին ընկերներից չէ, այլապես ինքը կճանաչեր նրան։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսինը, ըստ մեղադրականի, կացինով գնացել է Մանսուրյանների բնակարանի մոտ, թաքնվել մուտքում, և երբ Թագուհին և մայրը՝ Կարինե Մանսուրյանը, մտել են շենք, կացնահարել է նրանց։ Կացինի հարվածներից Կարինե Մանսուրյանը տեղում մահացել է։ Իսկ Թագուհին և նրանց օգնության հասած հայրը՝ Վաչագան Մանսուրյանը, ստացել են մարմնական վնասվածքներ։
Կարճ տևած ամուսնությունից հետո Վլադիկը և Թագուհին վեճերի պատճառով բաժանվել են։ Վեճերը, սակայն, հետագայում չեն դադարել՝ կապված նրանց երեխային տեսակցելու հարցի հետ։ Բաժանվելուց հետո Մարտիրոսյանը մի քանի անգամ դաժանորեն ծեծել է նախկին կնոջը, ինչից հետո հարուցվել էր քրեական գործ: Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը տղամարդուն դատապարտել էր 6 ամիս ազատազրկման, սակայն վճռել է պայմանականորեն չկիրառել պատիժը՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Դատավորը սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Փորձաշրջանը դեռ չավարտված, Վլադիկը կացնահարել է կնոջը և նրա ծնողներին: Իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ եթե Վլադիկ Մարտիրոսյանը իր պատիժը կրեր, գուցե, այդ սպանությունը տեղի չունենար։