հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Բանակում ծեծի ենթարկված և հիվանդացած զինվորի գործը նորից կքննվի դատարանում

Բանակում ծեծի ենթարկված և հիվանդացած զինվորի գործը նորից կքննվի դատարանում

2015 թվականին Մեղրիի զորամասում սպայի կողմից ծեծի ենթարկվելուց հետո հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի գործը Վերաքննիչ դատարանը կրկին ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ պետությունը չի կատարել խոշտանգման դեպքը բացահայտելու իր պոզիտիվ պարտականությունը:

Երկու տարի առաջ հունվարին զորակոչված Արթուր Հակոբյանն ամիսներ անց՝ նոյեմբերին, առողջական խնդիրներով տեղափոխվել է Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ:

«Ջիվանն ինձ ծեծեց, Ջիվանն ինձ նեղացրեց», – համաձայն կազմակերպության հրապարակման՝ շարունակ կրկնել է զինծառայողը։ Վերջինս մինչև հիմա հոգեկան ծանր ապրումներ է ունենում զինվորական համազգեստ տեսնելիս:

Զինծառայողի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը, կազմակերպության հետ զրույցում վստահեցրել է, որ մինչև բանակ զորակոչվելը տղան առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ իր հերթին նշել է, որ զինծառայողի հիվանդության հետ կապված փորձագետները տարակուսելի եզրակացություն են տվել:

«Մի կետով փորձագետներն ասում են, որ Արթուր Հակոբյանն առողջական խնդիրները ձեռք է բերել բանակում, մյուս կետում էլ նշում, որ հնարավոր է` նա հոգեկան առողջության հետ կապված ժառանգական խնդիրներ է ունեցել, որոնք դրսևորվել են սթրեսածին իրավիճակում», – փաստաբանի կարծիքով՝ բանակ զորակոչվելու հանգամանքն ինքնին չէր կարող երիտասարդին այնպիսի սթրեսի մեջ գցել, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք բերեր, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ դեպքը տեղի է ունեցել Հակոբյանի՝ բանակ զորակոչվելուց ամիսներ անց:

«Բանակում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ անձը հոգեկան հիվանդություն է ձեռք բերել. եթե այդպես լինի, ապա բոլորը պիտի բանակ զորակոչվելուց հոգեկան հիվանդություն ձեռք բերեին»։ Ղարագյոզյանի խոսքով՝ նախաքննական մարմինը պետք է մի հարցի պատասխան տար․ առողջ երիտասարդն ինչի՞ հետևանքով է հոգեկան հիվանդություն ձեռք բերել, բայց այդ պատասխանը չի տրվել: Նախաքննություն իրականացնող մարմինը ջանք չի գործադրել տեղի ունեցածը բացահայտելու համար:

Քննիչն առերեսում չի կատարել այն անձանց հետ, ում Արթուր Հակոբյանը մատնանշել է: Առերեսում չի արվել անգամ հրամանատար Ջիվան Մկրտչյանի հետ, ով, Հակոբյանի պնդմամբ, այլ զինվորների ներկայությամբ իրեն ծեծի է ենթարկել․ «Արթուրի և Ջիվան Մկրտչյանի ցուցմունքների միջև էական հակասություններ են եղել, և այդ հակասություններն այդպես էլ չեն պարզվել»։

Հարուցված քրեական գործը, սակայն, հետագայում քննիչի որոշմամբ կարճվել է։ Ղարագյոզյանի խոսքով՝ քրեական գործը կարճելու հիմքում դրվել են զինծառայողների ցուցմունքներ, որոնք Ջիվան Մկրտչյանի հետ նույն զորամասում են գտնվել նախաքննության ամբողջ ընթացքում, ավելին, նրանցից ոմանք հենց Մկրտչյանի ենթակայության ներքո են գտնվել:

«Բնական է, որ նրանք չէին կարող օբյեկտիվ ու արժանահավատ ցուցմունքներ տալ», – նշել է փաստաբանը։ Վերջինս կարճման որոշումը բողոքարկել է Գլխավոր դատախազությունում: Սակայն դատախազությունը բողոքը մերժել է։ Փաստաբանը դիմել է Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելու քննիչի և դատախազի անգործությունը։

Փաստաբանի պնդմամբ՝ նախաքննությունը թերի է իրականացվել, այդպես էլ չի պարզվել, թե Արթուր Հակոբյանն ինչի հետևանքով է բանակում առողջական խնդիրներ ձեռք բերել, և պետությունը, փաստորեն, չի կատարել զինծառայողի նկատմամբ խոշտանգման դեպքը բացահայտելու իր պոզիտիվ պարտականությունը:

Առաջին ատյանի դատարանն առանց դիմող կողմի դատական նիստ է անցկացրել և կայացրել բողոքը մերժելու մասին որոշում։

Հուլիսի 10-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Համաձայն որոշման՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունվարի 16-ի որոշումըբեկանվել է և գործը ուղարկվելու է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Իր հրապարակման մեջ կազմակերպությունը նշում է, որ Արթուր Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, նրան պարբերաբար տեղափոխում են հիվանդանոց։ Մորաքույրն, ում հետ ապրում է երիտասարդը, նրան տանը միայնակ չի թողնում: Նրա խոսքով՝ վերջերս պետությունը ցանկացել է Հակոբյանի համար քաղաքացիական թոշակ ձևակերպել: Մորաքույրը հրաժարվել է՝ պնդելով, որ երկտասարդը բանակում է հիվանդացել, այլ ոչ թե քաղաքացիական կարգավիճակում:

Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Հակոբյանի ազգականներից մեկը պատմել էր, որ Արթուրին ծեծել են՝ խանութ գնալու համար։

«Արթուրը ընկերներից մեկի հետ երեկոյան ժամին գնացել է ծխախոտ գնելու, այդ ժամանակ զորամասի դռների մոտ սպաները տեսել են նրանց, ընկերը փախել է, իսկ ինքը չի հասցրել։ Արթուրին ծեծել են, հիմնականում հարվածները գլխին են եղել, ես որ իրեն հոսպիտալում տեսա, չճանաչեցի, ինձ չէր հիշում, հիշողությունը կորցրել է, անընդհատ ասում էր՝ Ջիվանը ինձ ծեծեց, Ջիվանը ինձ նեղացրեց։ Բայց չի կարողանում հիշել, քանիսն են եղել իրեն ծեծողները»։