Home / ԼԳԲՏ+ / Երևանի ավագանու ՀՀԿ֊ական անդամը սպառնում է տրանսգենդեր անձանց աջակցող կազմակերպությանը

Երևանի ավագանու ՀՀԿ֊ական անդամը սպառնում է տրանսգենդեր անձանց աջակցող կազմակերպությանը

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության և կուսակցության խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանը և մի տղամարդ հուլիսի 3-ին հարձակվել են տրանսգենդեր անձանց իրավունքները պաշտպանող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության շահառուների վրա և ծեծել նրանց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ նման վերաբերմունքը պայմանավորված է կազմակերպության գործունեությամբ։

«Ես գրասենյակում («Իրավունքի կողմ»-խմբ․) նստած էի, ներքևից ձայներ լսեցի, փորձեցի դուռը բացել, որ տեսնեի՝ ինչ է կատարվում, այդ պահին աստիճաններով բարձրանում էր Նաիրա Նահապետյանը, նա հրեց դուռը, մտավ ներս, սկսեց գոռգոռալ և պահանջել տան վարձակալության պայմանագրերը, կոմունալ վճարումները, հարցրեց, թե գործունեության ծավալման համար համապատասխան փաստաթղթեր ունե՞նք, թե ոչ։ Ես ցույց տվեցի թղթերը, որոնք ապացուցում էին, որ մեր գործունեությունն օրինական դաշտում է», – մեզ հետ զրույցում պատմել է Մարտիրոսյանը։

Նաիրա Նահապետյան

Նա նշել է, որ իրենց կողմից վարձակալած գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի 1-ին հարկում, իսկ շենքի 4-րդ հարկում իր ընտանիքով ապրում է Նաիրա Նահապետյանը։ Հավանաբար հենց մուտքից դուրս գալու ժամանակ էլ, կարծում է Մարտիրոսյանը, Նահապետյանը հանդիպել է իրենց գրասենյակից դուրս եկած անձանց և բարձրացել իրենց մոտ։

Գրասենյակում գտնվելու ժամանակ, Մարտիրոսյանի խոսքով, իրենք բարձր ձայներ են լսել ներքևից և Նահապետյանի հետ իջել են մուտքի մոտ։

«Այնտեղ ինչ-որ տղամարդ հարվածում էր մեր շահառուներին։ Նրանցից մեկի մատը կոտրվել է դրանից։ Այդ ընթացքում ես եմ փորձել խառնվել և մի հարված էլ ես եմ ստացել թիկունքիս հատվածում, -Մարտիրոսյանը չգիտի, թե արդյոք այդ տղամարդը ինչ կապ ունի Նահապետյանի հետ, ֊ Հնարավոր է, որ վերջինիս ամուսինն է։ Ամեն դեպքում իր հետ հետո իրենց բնակարան է բարձրացել»։

Երևանի ավագանու անդամը գրասենյակում գտնվողներին սպառնալի տոնով ասել է, որ շուտ պետք է լքեն տարածքը, «քանի չեք ուզում՝ այստեղ ինչ-որ բաներ լինեն»։

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք ասել են, որ զանգահարելու են ոստիկանություն․ «Ասացին՝ մենք թքած ունենք ոստիկանության վրա։ Թող ոստիկանությունը գա, բարձրանա 4-րդ հարկ, մենք ցանկություն չունենք այստեղ մնալու»։

Կազմակերպությունը բռնության դեպքի հետ կապված դիմել է իրավապահներին։ Epress.am-ն այսօր Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացել է, որ գործի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Ինչու է ՀՀԿ ավագանու անդամն այդքան «նեղված» կազմակերպության գործունեությունից․ «Իրավունքի կողմ»-ն իր տեսակետն ունի։

«Ինձ թվում է, որ ինքը լավ տեղեկացված էր, թե սա ինչ կազմակերպություն է, երևի իմացել է՝ ինչ մարդիկ են այստեղ գնում֊գալիս։ Գուցե, դեպքը եղել է սեռական կողմնոշման և գենդերային ինքնության ատելության հողի վրա», -Մարտիրոսյանը նաև նշել է, որ ՀՀԿ ավագանու անդամն ամեն կերպ փորձում է չարաշահել իր դիրքն ու պաշտոնը և ցույց տալ, որ շենքում ինքն է որոշումներ կայացնում։ Նրա խոսքով՝ դա ապացուցում է ևս մեկ հանգամանք։ Շենքը երկու մուտք ունի, շենքի հետևի՝ երկրորդ մուտքը հիմնականում նպատակ ունի ծառայել արտակարգ իրավիճակներում, մասնավորապես, հրդեհի ժամանակ որպես լրացուցիչ ելք, սակայն մուտքի միակ բանալին Նահապետյանի մոտ է։

Կազմակերպության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ իրենց այդտեղ գտնվելու 6 ամսվա ընթացքում ոչ մի անգամ հարևաններին նեղություն չեն տվել, բարձր ձայներ երբեք չեն եղել։

Նահապետյանի սպառնալիքների հետ կապված կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ակնկալելով, որ նա առնվազն կարգապահական պատասխանատվության կենթարկի ՀՀԿ ավագանու անդամին։ Կազմակերպությունը նաև ակնկալում է, որ կլինի հրապարակային ներողություն և հոգեբանական ու ֆիզիկական վնասի փոխհատուցում։

«Փաստորեն, Հայաստանում պաշտոնյաներն են որոշում, թե ով որտեղ կարող է գրասենյակ ունենալ», – ասել է Մարտիրոսյանը։

Նշենք, որ ավելի վաղ, մեզ հետ զրույցում Լիլիթ Մարտիրոսյանը պատմել էր, որ հատկապես տրանսգենդեր անձանց համար Հայաստանում շատ դժվար է վարձով բնակարաններ գտնել։

Նա նշել է, որ իրենց գրասենյակը նախապես եղել է քաղաքի մեկ այլ հատվածում, սակայն հարձակման փորձից հետո իրենք տեղափոխվել են այնտեղից․ «Մենք չեն պատրաստվում ամեն անգամ գրասենյակներ փոխել»։

Epress.am-ի լրագրողը փորձել է հանդիպել Նաիրա Նահապետյանին և դեպքի հետ կապված պարզաբանումներ ստանալ։ Նրանց բնակարանի դուռն այդպես էլ չի բացվել։ Ներսում գտնվող մի կին ասել է, որ ընտանիքի անդամները տանը չեն, և ինքը չի կարող դուռը բացել։

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության գրասենյակից մեզ հետ հեռախոսազրույցում ասել են, որ առաջին անգամ են լսում դեպքի մասին, սակայն կփորձեն Նահապետյանից պարզաբանումներ ստանալ և հայտնել մեզ։