Սևանա լճից 100 մլն խորանարդ մետր ավել ջուր բաց թողնելու կառավարության որոշման հետ կապված Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հարցեր է ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին։
ԱԺ-ում քննարկումների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից նշվել է, որ ոռոգման անհրաժեշտություն է առաջացել 130 000 գյուղացիական տնտեսություններում, որոնց պետք է հասցնել այդ ջուրը:
1. Ո՞ր համայնքներում են գտնվում Սևանի ջրին սպասող վերոնշյալ 130 000 գյուղացիական տնտեսությունները։ Խնդրում ենք նշել բոլոր այդ համայնքները և յուրաքանչյուր համայնքում ոռոգվող հողատարածքների մակերեսն ու ջրաքանակի պահանջարկը։
2. Սևան-Հրազդան կասկադով մինչև ոռոգման տարածքներ հասնելը արդյո՞ք ջրին խառնվում են այլ ջրաղբյուրներ, թե՞ դա բացառապես միայն Սևանա լճի ջուրն է։
3. Տրամադրել «Սևան-Հրազդանյան-ջրառի» սխեման։
4. Հնարավորինս արագ գործարկել Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրի ծավալների շուրջօրյա վերահսկման այնպիսի համակարգ, որ շահագրգիռ քաղաքացիներն ու բնապահպանական կազմակերպությունները հնարավորություն ունենան առցանց հետևել այդ գործընթացին։
5. Նմանատիպ համակարգ տեղադրել նաև ՀՀ գլխավոր արհեստական ջրամբարներից բաց թողնվող ջրահոսքերի համար։
6. Ինչո՞ւ պաշտոնական գործարկման օրվանից՝ 2004 թվականի ապրիլի 26-ից առ այսօր, ընդհանրապես չի գործել Որոտան-Արփա ջրատար թունելը, որով տարեկան լրացուցիչ 165 մլն մ3 ջուր պետք է տեղափոխվեր Սևանա լիճ։
7. Ինչո՞ւ են այսքան երկարաձգվում ու ե՞րբ են ի վերջո ավարտվելու Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները, ինչի պատճառով արդեն յոթերորդ տարին է այդ թունելով տեղափոխվում է սահմանվածի կեսից էլ պակաս քանակության ջուր։ Նշենք, որ այս երկու թունելների լիարժեք գործելու դեպքում մենք կկարողանայինք Սևանա լիճ տեղափոփել մոտ 3 մլրդ մ3 լրացուցիչ ջուր։
Նշենք, որ բնապահպանների կարծիքով՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելը կարող է հանգեցնել բնապահպանական լուրջ աղետների, մասնավորապես, լիճը կսկսի ճահճանալ, կավելանան կապտականաչավուն ջրիմուռները և շատ ձկնատեսականեր ուղղակի չեն կարող բազմանալ։ Նրանց խոսքով՝ Սևանից ավել ջուր վերցնելը ձեռնտու է մի շարք ՀԷԿ֊եր և Սևանի ափամերձ տարածքներում առանձնատներ և հանգստի վայրեր ունեցող մեծահարուստներին և պաշտոնյաներին։