Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են։ Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 18․5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Նվազումը կազմում է մոտ 40 տոկոս։ Ընդ որում, եթե անցած տարի մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտահանվել է 65 ցենտով, ապա այս տարի՝ 50 ցենտով։ Այսինքն, նույնիսկ գնի անկման պայմաններում արտահանման ծավալները նվազել են։ Այս փաստն ուշագրավ է նրանով, որ անցած տարի կառավարությունը պարծենում էր, թե լոլիկի արտահանումը նախորդ տարիների համեմատ բազմապատկվել է, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դա պայմանավորված է ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցներով, և թուրքական լոլիկն ընդամենը վերաարտահանվում էր Ռուսաստան հայկականի անվան տակ»։
Ըստ «ՀԺ»-ի՝ ձմեռային և գարնանային ամիսներին արտահանման այդպիսի ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ ջերմոցային տնտեսությունների առկա հզորություններ Հայաստանում չկան։ Եվ այս 40 տոկոս անկումը պայմանավորված է նրանով, որ ընդամենը նվազել են թուրքական լոլիկի վերաարտահանման ծավալները։