Նախկին զինծառայող, շարքային Վարդանուշ Կիրակոսյանի մոտ 2014 թվականին ախտորոշվել է ծորանային քաղցկեղ։ Նա պնդում է, որ հիվանդության պատճառը հակաօդային պաշտպանության զորքերում վնասակար պայմաններն են եղել։ Պաշպանության նախարարությունը հրաժարվում է հոգալ բուժման ծախսերը։ Կիրակոսյանի մասին գրում է hraparak.am-ը։
22 տարի բանակում ծառայած զինծառայողը իր բուժման ծախսերը հոգալու խնդրանքով դիմել է տարբեր գերատեսչությունների՝ ստանալով մերժումներ։ Գլխավոր շտաբի 2015 թ․ պատասխանում ասվում է․ «Չարորակ նորագոյացությունները ներառված են այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում դիսպանսերային եւ բժշկական հաստատություններին դեղերը տրվում են անվճար, ինչի համար անհրաժեշտ է սահմանված կարգով դիմել նեղ մասնագիտացված բուժհաստատություն։ Ձեր բուժման համար անհրաժեշտ «Հերցեպտին» դեղամիջոցը համարվում է խիստ թանկ և ԶՈւ ռազմաբժշկական հանձնաժողովի ծախսային ցանկում ներառված չէ»։
Իր պաշտոնավարության վերջին ամսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նրան և 5 մլն․ դրամ փոխանցել 8 սրվակի համար։ Բուժումն ավարտելու համար մնացել է 4 սրվակ։ Բայց նոր նախարար՝ ազգ-բանակի ազդարար Վիգեն Սարգսյանի գալով՝ 2015 թվականի մերժումներն արխիվներից հանել են ու նորից ուղարկել Վարդանուշին։ Նրա բուժումներն սկսել են ուշանալ, քիմիաթերապիայից հյուծված օրգանիզմում, ոսկրային համակարգում հիվանդագին փոփոխություններ են սկսել ի հայտ գալ, կինը կրկին սկսել է հյուծվել։ «Ես չեմ ուզում նորից վերադառնալ այն դժոխքը, որի միջով մի անգամ անցել եմ, երկրորդ կուրծքս չեմ ուզում կորցնել»։ ՊՆ-ն անդրդվելի է։ «Որևէ հիմք չկա, որ ծառայության պատճառով է ստացել այդ հիվանդությունը», – պատասխանել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
ՀԳ․ Քաղցկեղով տառապող զինծառայողները լավ կլինի ՊՆ-ից ձեռք քաշեն, մոռանան, որ 1000 դրամների մասին օրենքն ընդունելիս Վիգեն Սարգսյանը սարեր էր խոստանում։ Ո՞ւմ համար է այդ ֆոնդը, եթե նախարարությունը զլանում է օգնել կենդանի մարդկանց, քաղցկեղով հիվանդ տարեկան գոնե 1 զինծառայողի կյանք երկարացնել։ Ի դեպ, առողջության համար վնասակար աշխատանքների եւ մասնագիտությունների ցանկում ո՛չ պաշտպանության ոլորտն է նշված, ո՛չ էլ ՀՕՊ ստորգետնյա ստորաբաժանումների կապավորները, նշում է hraparak.am-ը։