Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցի մասին թերթ չկա որ չի գրել։ Շենքը վթարային է, աշակերտները փախնում են հարևան համայքների դպրոցներ, մնացել են միայն ամենաանապահով ընտանիքիների երեխաները՝ 116 հոգի։ Իսկ իշխանությունները տարիներ շարունակ խոստանում են նոր դպրոց կառուցել, բայց չեն անում։ Տնօրենը չգիտի՝ ինչու, ասում է՝ ինչ֊ինչ պատճառներով։
Ուսուցիչները սեպտեմբերի 25-ին դպրոց այցելած լրագրողներին նկարագրում էին շենքի անմխիթարության աստիճանը՝ ձմռանը ջուր չկա, միակ ցայտաղբյուրը սառում է, ցուրտ է լինում, ամեն դասարանին հասնող 2 լիտր սալյարկան չի բավարարում սենյակը տաքացնելու համար՝ սպառվում է ավելի շուտ, քան դասերն են ավարտվում, ցրտին կողքի գոմերից առնետները լցվում են դպրոց, երեխաները վախենում են, սպորտդահլիճն այլևս վտանգավոր է օգտագործելու համար, առաստաղից կաթող ջրից վնասվում են հայրենասիրական պաստառները։ Այս պայմաններին հակառակ, նշում են ուսուցիչները, երեխաները սովորում են գերազանց, հաղթում են Օլիմպիադաներում, ավարտում ու ծառայում են բանակում՝ առաջին գծում։
«Մեր գյուղի մանկապարտեզն ամերիկացի հովանավոր ունի, ընտիր սարքված է։ Ամեն սեպտեմբերի 1֊ին դպրոցի բակում վայնասուն է, չեն ուզում մտնել շենք, ծնողներին ասում են՝ հետ գնանք մանկապարտեզ։ Քաղցր խոսքերով համոզում, ներս ենք բերում, հետո չեն ուզում դուրս գալ։ Էնքան լավն է մեր ուսուցչական անձնակազմը»,֊ ասում է տնօրեն Սիլվա Մկրտումյանը։
Շենքը խոստանում են վերանորոգել արդեն 15 տարի։ Ի զարմանս գյուղ եկած լրագրողների, ուսուցիչները շարունակում են հավատալ Հանրապետական կուսակցությանը, նրանք կուսակցական են։
«Միայն Հանրապետականն է անհանգստացած մեր դպրոցի համար»,֊ ասում է ուսուցիչներից մեկը։
Նրանք գոհ են նաև իրենց պատգամավոր ՀՀԿ֊ական Սեյրան Սարոյանից, քանի որ վերջինս, ըստ ուսուցիչների, դպրոցը վերակառուցելու խնդրանքով անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին առանձնազրույցի ժամանակ։
«Ասել է՝ իմ համար ոչինչ չեմ ուզում, մենակ Պտղունքի դպրոցը կառուցեք»,֊ պատմել է ուսուցիչներից մեկը։