Մինչ Բնապահպանության նախարարությունը 1.5 տարի է մշակում է ժամանցի կենտրոններում վայրի կենդանիներ պահելու կարգը սահմանող օրենքը, կենդանիները շարունակում են օգտագործվել բիզնես նպատակներով։ Մասնավորապես, «Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցն օրերս հայտարարել է, որ սկսում է «տարածաշրջանում միակ» ծառայությունները մատուցել՝ լող դելֆինի հետ և դելֆինաթերապիա։
Հայտարարությունից հետո բնապահպանները հյուրանոցի դեմ ակտիվ «ֆլեշմոբ» են սկսել՝ պահանջելով չտանջել կենդանիներին և չվտանգել մարդկանց կյանքերը՝ գումար վաստակելու համար։
Բնապահպանների մեկնաբանություններից մի քանիսը ստորև․
֊ Զզվելի է ուղղակի, ոնց կարելի է այսպես տանջել կենդանի էակին, վերջ տվեք այս ամենին և վերադարձրեք դելֆիններին իրենց համար բնորոշ միջավայր
֊ Երեխեքի թերապիան էլ մտցրել են, որ իբր ազնիվ նպատակներ ունեն: Բայց… Նախ, էդ պայմաններում պահվող կենդանիները չեն կարող օգտակար լինել երեխաներին, հակառակը կարող է լինել
֊ Իսկ դուք գիտեք՝ ի՞նչ եղավ Երևանի դելֆիանրիումի դելֆինների հետ, չգիտեք ասեմ՝ էդ խեղճ կենդանիները սատկեցին էդ մի թիքյա ակվարիումում զրկված իրանց բնական միջավայրից ու չոր կլիմայից … Հիմա էդ հրաշք կենդանիներին ,որ տանեք այդ բարձրադիր տեղը ո՞նց եք պահելու, ախր հասկանում եք ,որ հերիք չի ճանապարհին սթրես են տանելու մինչև հասնեն Դիլիջան, մի հատ էլ, կլիմայից, նեղ տարածքից, անալի ջրից սատկելու են էդ կենդանիները … Դելֆինների բնական միջավայրը աղի ջուրն է` ծովը կամ օվկիանոսը
֊ Դուք պատրա՞ստ եք այս լողավազանում ապրել ձեր ամբողջ կյանքը: Բա դուք մեկուկես մետր եք, հիմար մարդիկ, իսկ այս կենդանին ձեզանից առնվազն երկու անգամ ավելի մեծ չափսեր ունի, նա հազարավոր կիլոմետրեր է լողում օվկիանոսում: Բերել եք, ջրափոսն եք գցել՝ որ ի՞նչ անի: Ձեր երեխեքին գցեք էդ լողավազանը, թող մարդկանց զվարճացնեն, ձեզ դա դո՞ւր կգա: Երևանի դելֆինարիումի դելֆինները հոգեկան խանգարում ստացան, մեռան, է՞դ եք ուզում, հանցագործներ: Բաց թողեք, ծով տարեք էս դելֆիններին:
Նման մեկնաբանություններին «Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան»֊ը որևէ պատասխան չի տալիս, միայն «գին» հարցնող մեկնաբանություններին է պատասխանում՝ «Ձեզ պատասխանել ենք անձնական նամակով»։
Ծառայությունների գներն էլ հրապարակված չեն, սակայն հաճախորդներին անձնական նամակներով հայտնում են, որ դելֆինների հետ լողի 15 րոպեն արժե 20.000 դրամ, մինչև 10 տարեկան երեխաների համար՝ 5 000 դրամ, ծնողներից մեկի ներկայությունը պարտադիր է։
Հյուրանոցից մեր զանգին ի պատասխան ասել են, որ իրենք թաքցնելու բան չունեն, ամեն ինչ արվում է, որ դելֆինները չտուժեն։ Այն հարցին, թե արդյոք Բնապահպանության նախարարությունը ստուգումներ անցկացրել և թույլտվություն տվել է իրենց՝ հյուրանոցից հրաժարվել են պատասխանել՝ խոստանալով, որ մեզ կզանգի տնօրենը։
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը Epress.am֊ին ասել է, որ քանի որ դեռ չկա օրենքը, նախարարությունը առաջնորդվում է միջազգային ստանդարտներով։ «Նախնական դիտարկումներով՝ դելֆինների ներմուծման գործընթացը արվել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Դելֆինները ներմուծվել են առողջական նպատակներով»,֊ ասել է Արմեն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում օլիգարխի կողմից (անունը հոդվածում չի նշվում) լքված վայրի կենդանիների մասին բրիտանական Daily Mail օրաթերթի՝ «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» հրապարակումից հետո Հայաստանի Բնապահպանության նախարարությունը սկսեց օրենք մշակել։ Օրենքը դեռ չկա, բայց այն հիմնականում ստեղծելու է մարմին, որը լիցենզիա է տրամադրելու վայր կենդանի պահել ցանկացողներին։ Լիցենզիան տրվելու է եթե անձը կամ ընկերությունը ապացուցի, որ միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ է ստեղծել վայրի կենդանու համար:
Լուսանկարը՝ հյուրանոցի ֆեսյբուքյան էջից