«Արմենիա» բժշկական կենտրոնում (Հանրապետական հիվանդանոց) այսօր կրակոցներ են հնչել, և հիվանդանոց տեղափոխված մի դատապարտյալ փորձել է փախուստի դիմել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ փախուստի փորձը կանխվել է։
«Կալանավորը բժշկական կենտրոն էր տեղափոխվել բուժզննման նպատակով, նրա սենյակ է մտել մի անձ և կրակել։ Դատապարտյալը կարողացել է խլել ՔԿՀ֊ի աշխատակիցներից մեկի զենքը։ Երկուսն էլ վնասազերծվել են, այս պահին այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել», ֊ ասել է Տռուզյանը։
«Արմենիա» ԲԿ֊ից հրաժարվել են մեկնաբանել միջադեպը։
Ըստ Pastinfo.am֊ի՝ հիվանդանոց տեղափոխված կալանավորը «բանդայի» աղմկահարույց գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Գալստյանն է։
Նա չէր ընդունել մեղադրանքը և դատարանում հայտարարել էր, որ իրեն դաժանորեն խոշտանգել են։
Գործով անցնում էին 5 անձինք, որոնք 2011 թվականի սեպտեմբերին ձերբակալվել էին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով։ Նրանց պաշտպանները նույնպես հայտարարում էին, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: